Մեր մասին


«Գրքասեր» հասարակական կազմակերպության նպատակն է հայերեն լեզվով գրականությունը հասանելի ու մատչելի դարձնել բոլորի համար։ Մենք հավատում ենք, որ գրքերը լեզվի պահպանմանը, մարդու աշխարհայացի ձևավորմանն ու զարգացմանը նպաստող անփոխարինելի միջոց են։ Հասարակական կազմակերպության կազմում կամավորականներ են, որոնք մտահոգված են հայոց լեզվի պահպանման ու հայերենով գրականության տարածման խնդիրներով։ Եթե հետաքրքրված եք հայերենով գրված գրքերի թվայնացմամբ, սիրով հրավիրում ենք անդամակցելու մեր կազմակերպությանը։ Դուք և՛ս կարող եք Ձեր ներդրումն ունենալ: Ինչպե՞ս: Ընտրեք Ձեր սիրելի գիրքը, թվայնացրեք այն, ուղարկեք մեզ, և այն կտեղադրվի «Գրքասեր» առցանց գրադարանում՝ նշելով թվայնացնողի անունը։ Կարող եք օգնել նաև աուդիոգրքերի ձայնագրման աշխատանքներում։ Մեզ մոտ ցանկացած մեկը կգտնի այն ասպարեզը, ուր կարող է ներդնել իր ջանքերն՝ ըստ իր նախասիրությունների և կարողությունների:

Գրադարանում կգտնեք աուդիոգրքեր, ինչպես նաև՝ թվայնացված գրքեր, որոնք կարող եք ազատ ներբեռնել կամ կարդալ օնլայն։ Գրքերի թվայնացման աշխատանքներն իրականացվում են կամավորականների և երեխաների շնորհիվ։

Հնարավորություն ունեք նաև պատվիրել Ձեզ հետաքրքրող գրքերը. «Գրքասեր» առցանց գրադարանը սիրով կաջակցի Ձեզ։

Աուդիոգրքեր

Աուդիոգրքերն առաջարկում են գիրքն ընթերցելու բոլորովին նոր տարբերակ. ձայնն ավելի տպավորիչ է դարձնում գիրքը։

Ո՞րտեղ կիրառել

  • Աուդիոգրքերի օգնությամբ Ձեր ժամանակն ավելի արդյունավետ կանցնի. աուդիոգիրքը կարող եք լսել աշխատելիս, մարզասրահում, ճանապարհորդելիս նաև խցանումների ժամանակ…
  • Հանգամանքների բերումով արտերկրում բնակվող բազմաթիվ հայեր դժվարանում են հայերենով կարդալ և գրել, սակայն բանավոր խոսքն անհամեմատ հեշտ են ընկալում: Աուդիոգրքերը նրանց համար ևս հարմար միջոց են հայկական և արտասահմանյան գրականությանը ծանոթանալու համար։
  • Աուդիոգրքերը եզակի հնարավորություն են տեսողական խնդիրներ ունեցողների համար՝ լսել բոլոր այն գրքերը, որոնք ընթերցելու հնարավորություն, ցավոք, չեն ունեցել:

Այս գաղափարն իրականություն դարձնելու նպատակով է ստեղծվել «Գրքասեր» հասարակական կազմակերպությունը: Միացե՛ք մեզ. միասին կկարողանանք անել ավելին…


Դուք կարող եք աջակցել «Գրքասեր» առցանց գրադարանին՝ կատարելով դրամական նվիրատվություն։ Սեղմեք Donate կոճակը և հետևեք հրահանգներին։