Վարպետը և Մարգարիտան

«Վարպետը և Մարգարիտան» (ռուս.՝ Мастер и Маргарита), ռուս գրող Միխայիլ Բուլգակովի հայտնի վեպը, որը նա գրել է 1929-1940 թվականներին։ Հիմք է հանդիսացել տարբեր ներկայացումների և ֆիլմերի (Հարավսլավիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան) համար։ «Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին, պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի օրոք չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց և (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։ Բազմիցս բեմադրվել և էկրանավորվել է։ Առաջին անգամ բեմադրվել է մոսկովյան «Տագանկա» թատրոնում: Վեպը թարգմանվել է հայերեն Արմեն Հովհաննիսյանի կողմից՝ հրատարակվելով 1985 թվականին։ Վեպն սկսվում է Մոսկվայի Պատրիարքական լճի մոտ տեղի ունեցող մի դրվագով, երբ Սատանան, որի անունը վեպում Վոլանդ է, կանխագուշակում է ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Մ. Բեռլիոզի մահը։ Գարնանային լիալուսնի ժամանակ Վոլանդը ժամանել է Մոսկվա։ Վոլանդին ուղեկցում է նրա շքախումբը՝ Կորովև-Ֆագոտը, Ազազելլոն, կատու Բեգեմոտը և Հելլան։ Նրանց ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ պատժվում են մանր մեղքերի համար, սակայն այդ պատիժները հանդիսանում են նրանց կատարած մեղքերի տրամաբանական շարունակությունը։ Մոսկվայում այդ ժամանակ ոչ ոք չի հավատում ո՛չ Հիսուսի, ո՛չ Սատանայի (այսինքն՝ հենց Վոլանդի) գոյությանը։ Բայց կա մի մարդ, որը գրել է վեպ Հիսուսի՝ Յեշուա Հա-Նոցրիի մասին։ Այդ մարդը Վարպետն է, որն իր «ընկերոջ» «շնորհիվ» հայտնվել է հոգեբուժարանում. նա գրել էր վեպ Յեշուայի կյանքի վերջին օրերի ու նրա մահապատժի մասին։ Վեպը խիստ քննադատության էր արժանացել, և Վարպետն այրել էր այն։

Կատեգորիա Վեպ (216)
Լեզու Հայերեն
Տևողություն 17ժ : 17ր
Առաջարկվող տարիք 16-120

Լսել առցանց