Երեսնամյա կինը
«Երեսնամյա կինը» ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպն է։ Հեղինակն այս վեպի վրա աշխատել է 5 տարի՝ 1829-1834 թվականներին։ Կնոջ և տղամարդու միջև առկա սերը, որը ներկայացվում է Ժյուլիի և Վիկտորի, Ժյուլիի և Արթուր Գրենվելի, Ժյուլիի և Շառլ դը Վանդենեսի, Էլեն դ'Էգելմոնի և Վիկտորի օրինակներով, հանդիսանում է վեպի հիմնական թեման։ Ժյուլիի և ամուսնու ընտանեկան հարաբերությունները հենց սկզբից ձախողված էին։ Ժյուլիի հետագա կյանքում մշտապես առկա է լինում նրա զգացմունքների և երջանկության ցանկության միջև ընթացող կռիվ։ Ժյուլին փորձում է հաշտվել իրադարձությունների հետ և ամուսնուն վերադարձնել ընտանիք՝ հանուն իրենց դստեր՝ Էլենի։ Երբ նրա կյանքում հայտնվում է երիտասարդ լորդ Գրենվիլը, մարքիզուհու սովորական կյանքն ասես փոխվում է։ Ժյուլին գիտակցում է, որ սիրում է և սիրված է։ Նա Արթուրին խոստանում է հեռանալ ամուսնուց և նրանից խնդրում է իրեն չանհանգստացնել, հակառակ դեպքում մենաստան կգնա։