Օրանջիա
«Օրանջիա» պատմվածքում Ակսել Բակունցը պատկերում է Օրանջիա անունով ձորակում ապրող մարդկանց կյանքից մի դրվագ։ Ձորակն աչքի է ընկնում գեղեցիկ, բայցև վայրենի դարձած բնությամբ։ Պատմվածքը հեղինակը ներկայացնում է վերհուշի միջոցով՝ իբրև մի հին պատմություն, որտեղ Մանաս անունով մի գյուղացի որոշում է տուն կառուցել Օրանջիայի ձորակում, սակայն ընտանիքը չի հասցնում վայելել նորակառույց տունը։ Դավոյենց Առաքելը՝ գյուղի չարիքներից մեկը, մտքում դրել էր ձորակում ամարաթ կառուցել։ Գյուղացիները, իմանալով Դավոյենց Առաքելի մտադրությունը, Մանասին հորդորում են հեռանալ գյուղից կամ դադարեցնել խրճիթի կառուցման աշխատանքները, քանի որ Դավոյենց Առաքելը կապ ունի մեծամեծ չինովնիկների հետ։ Առաքելն ամեն ջանք գործադրում է՝ Մանասին կանգնեցնելու համար, սակայն վերջինս պնդում է իր հողում տուն կառուցելու իրավունքը։