(Վիլյամ Սարոյանի ծննդյան 75-ամյակի առթիվ Գրողների տանը ունեցած ելույթից)
Եղավ մի ժամանակ, երբ մտածում էի, որ այո, Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը մնացին ինձ համար որպես վերջին դասականներ, որոնց հետ բախտ ունեցա առնչվել, շփվել ու իմանալ մոտիկից, լսել նրանց ու ինչ-որ չափով հասու լինել նրանց ներքնաշխարհին: Բայց, ահա, առաջին հանդիպումը Վիլյամ Սարոյանի հետ, և ես հասկացա, որ շտապել եմ իմ եզրակացության մեջ:
Անշուշտ ճիշտ է, երբ ասում են, որ գրողի, պոետի և ընդհանրապես արվեստագետի ստեղծագործությունը դա ինքն է, հեղինակը ու նրա աշխարհը: Բայց երևի ճիշտ է և այն, որ անմիջական շփումը, հաղորդակցվելը այդ նույն հեղինակի հետ բաց է անում ինչ-ինչ դռներ, թույլ տալիս նորովի ընկալել ու հասկանալ արդեն տեսածն ու գիտեցածը, հեղինակի աշխարհն ու փիլիսոփայությունը, նրա հավատամքն ու դավանանքը: Նման բան զգացի Սարոյանի հետ ունեցած հանդիպումներից հետո:
Ինչի՞ հետ կհամեմատեի Սարոյանին: Տարիներ առաջ առիթ ունեցա երկար ժամանակով աշխատել Մեքսիկայում: Գիտեի, որ ացտեկների այդ հինավուրց երկրում են գտնվում ամերիկյան մայրցամաքի երեք բարձր լեռնագագաթներից երկուսը՝ Օրիսավան ու Պոպոկատեպետելը: Դե, միշտ էլ սիրել եմ դեգերումները ճերմակ, ձյունապատ գագաթներով, ու որոշեցի բարձրանալ դրանցից մեկի՝ Պոպոկատեպետելի կատարը. այդ հսկա սարը ինձ հատկապես էր գրավում իր հիասքանչ տեսքով, մի տեսակ նկարված գեղեցկությամբ. ուրվագծերով նա շատ էր նման մեր Մասսին, միայն լանջերն էին ավելի գահավեժ ու մոտ 1400 մետրով էլ բարձր: Եվ ահա, իմ կոլեգաների՝ երկու մեքսիկացի ֆիզիկոս-ալպինիստների հետ սկսեցինք վերելքը: Հասանք ձյան սահմանին, մի քանի քայլ ևս ու հայտնվեցինք հզոր սառցաճեղքերի գոտում, վերելքը սկսեց իրեն զգալ տալ: Արդեն անցել էինք 5000 մետրի սահմանագիծը, բայց մինչև գագաթը դեռ բավական կար. շնչելը սկսեց դժվարանալ, քայլում էինք դանդաղ, գլխահակ: Հարկավոր է մի փոքր դադար տալ. կանգ ենք առնում, ես բարձրացնում են գլուխս ու տեսնում աչքիս առաջ ապշեցուցիչ մի տեսարան, սառցե լեռան մարմնից մի հսկա բեկոր պոկված ու մեկուսի կանգնած անդունդի եզրին: Պոկվել էր հավանորեն վերջերս, և այդ հսկայական բուրգաձև ջարդվածքը, երևի մի քսան- երեսուն հարկանի տան բարձրությամբ, շողշողում էր արևի ճառագայթների տակ ինչպես փիրուզյա մի վիթխարի բյուրեղ՝ արտակարգ մաքուր, թափանցիկ, կապույտների ու կանաչների անհամար երանգների մեջ կորած: Ու կանգնած մի տեսակ հպարտ, անսասան կերպարանքով, որի վրա չի կարող ազդել ոչինչ՝ ոչ անձրևն ու կարկուտը, ոչ մոլեգնող ձյունահողմը, ոչ էլ գալարվող ամպերը: Մինչ այդ օրը ու դրանից հետո էլ եղան առիթներ՝ սառցաբեկորների հանդիպելու, բայց այդ մեկը մնաց հիշողությանս մեջ: Այդ սառցաբեկորը կանգնեց իմ հայացքի առաջ, երբ առաջին անգամ հանդիպեցի Սարոյանին: Հետագայում այդ համեմատությունն ավելի ուժեղացավ:
Համեմատությունն ավելի ուժեղացավ, երբ հանդիպումից հանդիպում սկսեց ակնհայտ դառնալ, գոնե ինձ համար, Սարոյան երևույթի ու բնության երևույթների միջև ինչ-որ կապ տեսնելու հանգամանքը: Բնությունը տարերք է՝ կայծակ, փոթորիկ, հեղեղ՝ հախուռն ու մշտապես շարժվող մի բան: Ու այդ ամենի մեջ նաև ամբողջական: Այդպիսի ն էր Սարոյանը, դադար չունեցող, ամեն վայրկյան անակնկալների բերող մտքի թռիչքներով, բայց և ամբողջական, որոշակի կերպարանք ունեցող—այն, ինչ հետո կոչվեց «սարոյանական»: Միանգամից ուշադրություն էր գրավում հենց այդ հանգամանքը, աշխարհն ու երևույթները ընկալել ինչպես մի ամբողջություն, ամենափոքր, աոաջին հայացքից աննշան թվացող իրադարձության մեջ տեսնել ընդհանուրն ու օրինաչափը: Ես ավելի քան համոզված եմ, որ Սարոյանի ամբողջ ուժը որպես «փոքր չափի» կտավներ ստեղծողի գալիս է աոաջին հերթին դրանից՝ մեծ ընդհանրացումների հասնելու կարողությունից, երևույթներն ու կերպարները համամարդկային չափանիշներով ընկալելու ու վերլուծելու սկզբունքից:
Նրան յուրովի էր զբաղեցնում այդ միտքը, մարդու տեղը տիեզերքում: Դա պարզ հարցադրում կամ սոսկ հետաքրքրասիրություն չէր: Միևնույն ժամանակ հասկանում էր, որ պատասխանել այդ հարցին հեշտ չէ: Դրանով ավելի էր սրվում հետաքրքրասիրությունը, իսկ պատասխան գտնելը ձեռք էր բերում սկզբունքային նշանակություն: Փակուղի է, և ելք գտնելու ամենափոքր հնարավորությունից անգամ փայլատակում էին նրա աչքերը: Նրա վրա մեծ տպավորություն էր թողնում, օրինակ, այսպիսի հարցադրումը, եթե կա մարդը, ապա ինչպիսի՞ն պետք է լինի տիեզերքը: Մոտավորապես այնպես, ինչպես ավերված ու չքացած տաճարի դեպքում, երբ նրանից մնացել է մի մեծ բեկոր միայն՝ մի սքանչելի խոյակ, եթե դա խոյակն է, ապա ինչպիսին է եղել տաճարը:
Մենք դեռ լավ չգիտենք մարդու առաջացման հանգամանքները, ասում, խոսում, վիճում ենք, թե ինչն է ինչից առաջացել, բայց կասկած չկա, որ մարդը առաջացել է վերջապես, առաջացել է մեզ շրջապատող տիեզերքում և հենց այդ տիեզերքից: Առաջացել է աստղերի հետ միաժամանակ ու աստղերի կողքին: Ու կազմավորվել, զարգացել, ինչպես կազմավորվել ու զարգանում են աստղերը: Եվ եթե ընդունենք մի պահ, ոը տիեզերքը լավ չգիտենք, որ նա շարունակում է թաքցնել մեզնից իր անթիվ-անհամար գաղտնիքները, ապա գոնե մարդուն գիտենք, համենայն դեպս ով-ով, բայց ինքը՝ Սարոյանը, լավ գիտե մարդուն, նա մարդու գիտակն է, մասնագետը, նա գիտե, թե ինչ վիթխարի բան է այդ մարդ ասածը՝ մի ամբողջ աշխարհ, մի տիեզերք՝ տիեզերքի մեջ: Ինչպես կարելի է, ուրեմն, պատշաճը չմատուցել այդ մեծ տիեզերքին՝ տիեզերք ստեղծող տիեզերքին, չապշել, չզարմանալ նրա անսահման հնարավորությունների, անըմբռնելի բազմազանության վրա, ու ստեղծված ներդաշնավության վրա նաև. և նա վախում էր գլուխը մտմտալով «մեր տգիտությունը մեզի կապրեցնե»:
Ու այսքանից հետո մտածել, որ այս մարդ ասածը կարող է լինել, կրկնվել ինչ-որ էլի մի տեղ, տիեզերքի ինչ-որ մի անկյունո՞ւմ ևս: Այստեղ Սարոյանը — այսպես են բոլոր մեծ մտածողները, երբ ստեղծում են տիեզերական իրենց մտապատկերները նույնիսկ փաստերի բացակայության դեպքում — հանդարտ շարժում էր գլուխը բացասաբար: Եվ եթե գործը հասնում է գիտական փաստարկներին, ապա ընդամենը այնքանով, որ դրանք կարող են ներդաշնակվել կամ լրացնել իր զգացածը ու ձայնակցել իր կանխազգացման հետ: Կապ հաստատել այլ քաղաքակրթությունների հե՞տ տիեզերքի հեռավոր անկյուններում ծվարած: Այո, դա ամենայն հավանականությամբ անհնարին է, եթե ընդունենք անգամ, որ այդպիսի քաղաքակրթություններ, «մարդակերպ» աշխարհներ կարող են գոյություն ունենալ: Անհնարին է սկզբունքորեն և ոչ թե պայմանավորված տեխնիկական, սոցիոլոգիական և նման բնույթի դժվարություններով: Պարզապես շատ է կարճ մարդու զարգացման «քաղաքակիրթ» հատվածի տևողությունը՝ աստղերի ու մոլորակների տարիքի համեմատությամբ, ակնթարթ «բիոլոգիական բանկում»: Եվ սպասել, որ տիեզերքի երկու տարբեր կետերում բռնկված «բիոլոգիական ակնթարթները» համընկնեն իրար հետ ժամանակի միլիարդավոր տարիներով չափվող հատվածում — դժվար խնդիր է: Եվ հավանականությունն այն բանի, որ ճիշտ նույն պահին տիեզերքի երկու տարբեր կետերում կարող են հանդես գալ երկու քաղաքակրթություններ հար և նման իրար ու հավասար չափով զարգացման բարձր մակարդակում գտնվող, պարզապես դառնում է զրո: Իսկ թե ինչ կստացվի, եթե մակարդակները լինեն իրարից տարբեր, դրա համար հեռու գնալ պետք չէ. օրինակներ կարելի է գտնել այստեղ, մեր հողագնդի վրա վերցրած ցանկացած երկու կետեր իրար հետ բաղդատելիս...
Այս պայմաններում անխուսափելի է դառնում հաջորդ հետևությունը, մարդը եզակի երևույթ է ողջ տիեզերքում։ Նա պետք է դասվի այն երևույթների թվին, որոնք չեն կրկնվում, որոնք միայն մեկ անգամ կարող են հանդես գալ: Եվ ընդունել այս դրույթը որպես արտահայտություններից մեկը տիեզերքի բազմազանության, մարդն ինքնըստինքյան շատ մեծ երևույթ է, որպեսզի այն կարողանա նորից կրկնվել, տարբերակ ունենալ ինչ-որ տեղ:
Իսկ տիեզե՞րքը. իր այսօրվա վիճակով ու տեսքով տիեզերքը նույնպես անկրկնելի է, այն կարող է միայն կերպարանափոխվել, անցնել մի վիճակից մյուսին, ու այսպես շարունակ: Սարոյանին դուր եկավ համեմատությունը խնձորենու հետ. տարվա չորս եղանակներին խնձորի ծառը չորս տարբեր տեսք է ընդունում, հաջորդաբար անցնում մեկից մյուսին. ձմռանը միայն չոր ճյուղեր են, գարնանը միայն ծաղիկներ, ամռանը ամբողջովին կանաչ ու տերևախիտ, իսկ աշնանը ոչնչի հետ չհամեմատվող փարթամ պտուղներ: Այս չորս վիճակները ոչնչով նման չեն իրար: Ավելին, դատելով տվյալ վիճակից՝ ոչինչ չի կարելի ասել դրան հաջորդող վիճակի մասին (եթե ընդունենք մի պահ, որ ոչինչ չգիտենք խնձորենու մամին): Համենայն դեպս, նայելով ծաղկած խնձորենուն անկարելի է գաղափար կազմել այն մասին, որ այդ ծաղիկները պտուղ են դառնալու, այն էլ այս տեսքով, այս համով ու հոտով: Այսպես կամ համարյա այսպես կարելի է պատկերացնել տիեզերքի զարգացումը — անցումը մի վիճակից մյուսը, ըստ որում վիճակները ոչ թե չորսն են, ինչպես խնձորենու դեպքում, այլ անթիվ-անհամար: Ու չկրկնվող: Եթե նմանեցնենք այսօրվա տիեզերքն իր շողշողացող աստղերով ու գալակտիկաներով փարթամորեն ծաղկած խնձորենուն, ապա հարկադրված կլինենք ընդունել, որ եղել է ժամանակ, երբ տիեզերքում չեն եղել աստղեր ու գալակտիկաներ (սա՝ խնձորենին ձմռանը), և կգա ժամանակ, երբ կվերանան, կանհետանան աստղերն ու գալակտիկաները (սա էլ՝ խնձորենին աշնանը): Այո, «մեր տգիտությունը մեզի կապրեցնե»...
...Սովորաբար նկատվում ու տպավորություն է գործում մարդու խոսելու շնորհքը: Իրականում, սակայն, շատ ավելի դժվար ու հազվագյուտ հատկություն պետք է համարել լսելու ընդունակությունը: Սարոյանը օժտված էր այդ հատկությամբ: Նա գիտեր զրուցելու գաղտնիքը, նա կարող էր ժամերով լարված պահել իր զրուցակցին... լսելու իր ապշեցուցիչ ձիրքով: Դառնալ համակ լսողություն ու լսել... աչքերով, իր հայացքով, իր ողջ էությամբ: Սպունգի նման ներծծել այն ամենը, ինչ գալիս է մարդուց, ուներ առնչություն մարդու էության ու ներքնաշխարհի հետ: Ուշադիր դիտում էր մարդուն, քննում, քրքրում, ու նրա խորաթափանց հայացքից, խորունկ ու բարի աչքերից չէր վրիպում ոչինչ՝ հմայիչն ու վեհը, գեղեցիկն ու վսեմը, կեղծն ու արգահատելին:
Ու այսպես, շարունակվում է զրույցը՝ մարդու մասին, տիեզերքի մասին, սկզբի ու վերջի մասին ու հանկարծ բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ այս ամենում իր, Սարոյանի համար ինչ-որ նոր բան չկա: Որ այս ամենը՝ մարդն ու տիեզերքը՝ հետաքրքիր են դառնում նրանով, որ ինքը միշտ այդպես է մտածել, և որ այդ բանին նա հասել է իր ճանապարհով, իր տրամաբանությամբ, իր փիլիսոփայությամբ ու չէր համարում «սխալ»: Ու շարունակում էր լսել ու մտածել, մտածել ու լսել, երբեմն-երբեմն ամփոփելով լսածն ու հասկացածը մի բառով՝ «կհասկնամ»: Եվ այդ «կհասկնամը» բնավ չէր նշանակում պասիվ ու անկամ համաձայնություն, այս դեպքում այդ բառը ձեռք էր բերում հատուկ իմաստ, դա մի տեսակ ամփոփումն էր այն ամենի, ինչ կար ու ստեղծվել էր նրա ներքնաշխարհում: Իսկ ինձ համար այս ամենը հետաքրքիր էր նրանով, որ ստացա ևս մի ապացույց ոչ գիտական մտածողությամբ տիեզերական իմաստությունն ըմբռնելու հնարավորության: Կարևորը ի վերջո ընդարձակ ոլորտներ ընդգրկող միտքն է ու հզոր տրամաբանությունը:
Խոր իմաստ էր պարունակում իր պարզությամբ անսպասելի, «վրան բաց», տիպիկ սարոյանական այսպիսի հարցադրումը. «Եթե հանկարծ մարդը վերանա, տիեզերքեն բան մը կըպակսի՞»: Եվ պետք էր տեսնել, թե ինչպես էին փայլում նրա աչքերը, երբ լսում էր պատասխանը, այո, կպակասի, որովհետև մարդն էլ է տիեզերական մարմին, ինչպես աստղը, ինչպես մոլորակը, ու թերևս բաղկացած նույն քիմիական տարրերից, ինչ աստղն ու մոլորակը, նա ներկայանում է որպես այդ նույն քիմիական տարրերի այլ միացություն, մի այլ տարբերակ: Այդ տիեզերական մարմին-տարբերակը օժտված է հատկություններով, բնորոշ միայն ու միայն մարդուն, որոնց ի հայտ գալու մեջ էլ տիեզերքը տեսնում է իր շարունակությունը, իր ինչ-ինչ հնարավորությունների բացահայտումը: Բացահայտումը՝ շնորհիվ մարդու գործունեության ու վարքագծի, որը էապես է տարբերվում աստղի ու մոլորակի վարքագծից: Եվ ինքն էլ անում էր հետևությունը. «Ըսել է, մարդն ու աստղը տիեզերքի համար միևնույն բանն է»: Դա համընկնում էր մարդուն միշտ բարձր, միշտ վեհ, «աստղի կողքին» տեսնելու իր հայեցողության հետ:
...Սարոյանը տխուր մարդ էր, իրենով ամփոփված, նրան ծանոթ էր տխրության փիլիսոփայությունը: Նա չէր կարող անմասն մնալ աշխարհի հոգսերից, նա տեսնում էր դարիս ողբերգությունը, մարդկային հասարակության անկատար լինելը: Նրա արտաքին նկարագիրը բնավ այն չէր, ինչ ինքն էր իրոք: Ինչպես ամեն մի խոշոր մտածող, նա ուներ իր աշխարհը, գրեթե փակ, որը դժվարությամբ կարելի էր զգալ թողած տողերի արանքում: Մի երկու տարի աոաջ «Հայրենիքի ձայն»-ի համարներից մեկում տպագրվեց նրա մի փոքրիկ պատմվածքը, կարծեմ «Կոտրած անիվ» խորագրով, խոշոր ընդհանրացումների մակարդակի հասցված, գեղարվեստական ուժի տեսակետից մի ցնցող գլուխգործոց. կարդալ այդ պատմվածքը սառնասրտորեն անկարելի է: Ահա իսկական Սարոյանը. դա այն չէ, ինչ սովոր էինք տեսնել իր կարճատև այցելությունների օրերին այստեղ, մեզ հետ, հասարակության մեջ, ասող-խոսող, ծիծաղող ու կատակող, ծայրահեղ անմիջական ու անկաշկանդ: Այսպիսի երկակիությունը ներքին հակասություն չէր իհարկե, և դա բնավ չէր խանգարում, որ նա լիներ իր արտահայտություններում ու բնութագրումներում որոշակի, հստակ ու կտրուկ: Եվ երկիմաստություն թույլ չտվող:
Մեծ էր սարոյանական խոսքի ուժը: Այդ ուժը նա ստեղծել էր, իրեն պահելով դուրս ամեն տեսակի պայմանականություններից, մնալով բացարձակ անկախ ու անկաշկանդ իր հայացքներում: Դրանով էլ նա հարկադրեց մեզ—ու աշխարհին — իրեն ընդունել այնպես, ինչպես կար ինքը։ Հարմարվելը, ինքնահարկադրումը անհարիր էին նրա էությանը: Գուցե սարոյանական հմայքի գաղտնիքներից մեկն էլ դա՞ է, երբ մեր առաջ տեսնում ենք մի հազվագյուտ դեպք՝ չհարմարվելու, չհաճոյանալու, անմիտ ու ամլացնող պայմանականություններին զոհ չդառնալու: Չհավատալ նրա խոսքին անկարելի էր, մի պահ գոնե չխորհել նրա բնութագրումների վրա՝ անհնարին: «Աշխարհին Դոսթոևսկի, Տոլսթոյ, Չեխոֆ տված ազգը պըզտիկ չըլլար». ինձ հայտնի չէ հայազգի գրողի կամ գրականագետի առ ռուս ժողովուրդն ու ռուսական գրականությունը ունեցած համոզմունքի ու գնահատման ևս այսպիսի մի խտացված արտահայտություն, հայ-ռուսական գրական կապերին նվիրված տասնյակ ու տասնյակ դիսերտացիաներում ու ստվար մենագրություններում կարելի է գտնել ինչ ասեք, գուցե ավելի բաժակաճառ հիշեցնող ներբողներ, բայց գտնել այսքան սեղմ, ապշեցուցիչ տարողունակություն ու ծանրություն ունեցող բնութագրում, այն էլ ընդամենը մի նախադասությամբ՝ հազիվ թե:
Իր ներաշխարհի, համոզմունքների, փիլիսոփայական հայեցողության բոլոր մեծ ու փոքր հակասություններով հանդերձ Սարոյանը, իհարկե, լավատես էր, խանդավառ լավատես ու համակ մարդասեր: Գիտեր, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ լավ է, հաճախ էր իր հերոսների բերանով արտահայտում այդ միտքը. «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է» ու միևնույն ժամանակ չէր կորցնում հավատը հանդեպ մարդը: Բայց քանի որ անկեղծ էր ու պարզ, նա չէր կարող պահել և իր տագնապը, վաղվա օրվա հանդեպ ունեցած իր թաքուն անհանգստությունը: Եվ, ով գիտե, գուցե այդ անհանգստությունն էր, որ նրա մեջ խմորեց արևելյան իմաստությամբ հունցված խոսքերը, որ նա արտաբերում էր խոր հոգոց հանելով ամեն անգամ, երբ գոհունակությամբ էր համակվում գեղեցիկ ու իմաստալից անցած օրվա առթիվ. «Կըրնա ըլլալ, որ այս օրը մեր կյանքի ամենալավ օրն է»: Ամեն բան չէ, որ մեր կյանքում երևույթ է դառնում և իմաստություն, ուստի տեղին կլիներ թերևս վերջացնել այս տողերը իր խոսքերով. կըրնա ըլլալ, որ այն ամենը, ինչ կապում է մեզ Սարոյան-երևույթի հետ, մեր կյանքի ամենագեղեցիկ իրադարձությունն է:
Get all the stories you need-to-know to your inbox.