Տոնական մթնոլորտում պատահեց այդ։
Դա մի թռիչք էր երազում, գարնանային թրթիռ։
Մայիսի երկուսին, շենքր հանձնելու երրորդ օրը, Ռուբենն իր բրիգադի հետ գնաց քաղաքամերձ ա յգիներից մեկը քեֆ անելու։ Սրանով յոթերորդ շենքն էր, որ հանձնում էր նրա բրիգադը։ Ռուբենը գերազանց վարպետ որմնադիր էր և օրինակելի բրիգադ էր պահում։
Թարմություն էր բուրում այդ բլրի գագաթից։ Բոլորն էլ բանիմաց, ուրախ տղերք, սերտ կապված իրար հետ։
Ռուբենը բարձրահասակ, ջլուտ երիտասարդ էր, մարտական դեմ քով։ Ոսկեգույն բեղեր ուներ, պինդ սեղմած շուրթերի վրա, և հոխորտ սրում էր այդ բեղերը։ Շատ համեստ էր և լուրջ, կարգադրում էր հանգիստ բաս ձայնով, խրատում էր ավելի, քան կշտամբում և քանի բարկանում էր, այնքան ավելի էր ցածրացնում ձայնը և դեմքը մոտեցնում խոսակցին։ Ընդհանրապես համառ էր առաջ տանում իր միտքը։ Նա հեղինակություն էր։
Նրան հարգում էին։
Ահա, այսպես, տոնական օր էր, որ նրան պատահեց այդ դեպքը։ Բայց պատահեց մի տեսակ դարանակալ անսպասելիությամբ։ Ռուբենն ու իր ընկերները շրջում էին այգում ծառեծառ, կանաչների վրա նստոտում, կատակում։ Հետո ըմբշամարտ եղավ։ Բրիգադից երկու հոգի, որ ծանր ատլետիկայի հերոսներն էին՝ սուտ ըմբշամարտեցին։
Այդ ժամանակ էր, որ Ռուբենը նկատեր այգու տնակի առաջ մի աղջկա, որ խոր նայում էր իրեն։ Հպարտ գլուխ ուներ նա, խրոխտ կապույտ աչքեր։ Նա հրամայող գեղեցիկ էր, բարձրահասակ։
Ռուբենը նայում էր «ըմբիշներին», ժպտում զուսպ, ինքնիրեն։ Հետո կրկին աչքը գցեց տնակի կողմը։ Աղջիկը ներքին հայացքով իրեն էր նայում։
Ճաշի ժամանակ, երբ բրիգադի հետ հավաքվեց նաև այգետիրոջ ընտանիքը, որ միշտ չես իմանում ովքեր են և ինչպես հայտնվեցին՝ հպարտադեմ աղջիկն անաղմուկ սողոսկեց այնտեղ։
Շատ մտերմական ընթացավ ճաշը և ուրախ, գարնանային թեթևությամբ։ Ոչ մի տգեղություն։ Երգեցին, հետո պարեցին։
Աստղիկը, հպարտադեմ աղջիկը, որ, ըստ ե րևույթին այլևս չէր հետաքրքրվում Ռուբենով և հիմա էլ ուրիշներին էր նայում՝ մի անգամ միայն նիրհուն հայացքն ընկղմեց Ռուբենի հայացքի մեջ և մնաց երկար։ Ռուբենն զգաց, որ այդ աղջիկը մտավ իր հոգու մեջ, տիրեց իրեն։ Նա այլայլվեց։
Հետո գինի՞ն էր, ծաղիկնե՞րը, թե՞ ընկերները — Ռուբենը հանկարծ միտք դրեց միանալ այդ աղջկա հետ։ Ընկերներն էլ զգացին, որ մի բան կատարվեց Ռուբենի մեջ։ Կենացների վրա ակնարկներ արին, կատակեցին՝ հասկացնելու չափ։ Բոլորը ժպտացին կեսուրախ, կեսլուրջ։ Աստղիկը լուրջ ընդունեց այդ ամենը, համարձակ, հանգիստ նայեց Ռուբենին, նայեց հպարտ ու հաղթական...
Ռուբենը կորցրեց իրեն։
Մի քաղցր սարսուռ անցավ նրա մեջքով։ Նա շնչատեց, կուրծքը ուռեց, և մնացածը շարունակվեց ինչպես երագում։
Ուշացած գարուն էր, ապրիլը փչել էր, և նրա շնչից փթթել էին ծառերը։ Դեղձենին մի տեսակ վարդագույն լույսով պարուրված՝ գրկում էր սալորենու կաթնագույն լույսը, հետո այդ ծառերի սաղարթից թափվում էին լույսերը կանաչ արոտի վրա։ Ծոթրինը պատերի տակից ու դաշտից արբեցնող բուրմունքով սողում էր օդի մեջ ու մարդուն քաշում դեպի դաշտերի վայրենությունը։
Ռուբենն այնպես զգաց, որ ընկերների երգերը, կատակները, ճառերը, հարվածայինների հաղթական հայացքները խառնվեցին ինչ-որ մտերմական, ընտանեկան մի այլ հույզի հետ՝ սիրո հետ։ Ուղղակի սիրո։ Ռուբենը նոր զգաց, որ ինքը լցված էր սիրով, որ բուռն սիրում էր մեկին, թե ում՝ չգիտեր, բայց հիմա այդ մեկը եկել է կանգնել իր դիմաց և հրամայական, մտերիմ պահանջում է իր տենչերի պատասխանը։
Ճիշտ է՝ գինով էին ամենքը, բայց միայն գինին չէր, որ հարբեցրել էր Ռուբենին։ Նա զգաց, որ իր աշխատավորական կյանքի մեջ հաղթական բրիգադի հետ միասին իրեն պակաս ում էր նաև կին-ընկերը։ Զգաց և մի այլ բան, կարծես ամենքը՝ բնությունը, իր ընկերները, իր հասարակական գործը և այս կինը միախառնվեցին, դարձան զորավիգ իր կյանքի, մի աշխույժ թռիչք, ներդաշնակ երգ։
«Մի կին է պետք՝ և ամեն ինչ լրացավ»,— մտածեց Ռուբենը։ Եվ մեկեն այնպես թվաց, որ այդ լուռ ու հպարտ էակը վաղածա նոթ է ու մտերիմ։ Սուր սիրով լցվեց դեպի նա, գրկեց ողջ էությամբ նրա նազելի հասակը։
Եվ երբ սուփրան քաղեցին ու խումբ-խումբ զբոսնել սկսեցին այգում՝ Ռուբենն առանց մտածելու՝ ինչպես ընկներ գեղեցիկ ու ահավոր մի անդունդ՝ հանկարծ մի շատ հաճելի գլխապտույտ զգաց և առանց այլևա յլի՝ առաջարկեց Աստղիկին իր կինը դառնալ։
Աստղիկը համաձայնեց։
Դա արդեն բոլորովին դյութեց Ռուբենին։ Կյանքը սլացավ արագ, արագ, նրա սիրտը կրկին ուռեց, լցվեց՝ շնչարգելի չափ և նա սիրեց Աստղիկին այնքան բուռն, որ ուզում էր դուրս փախչել այգուց։
Թե հետո ինչպես թեյի նստեցին, ինչպես գնացին տուն— այդ ամենը կատարվեց անգիտակ վիճակի մեջ։ Թռան հավիտենական վայրկյաններ, Ռուբենն այնպես իմացավ, թե ինքը երեսուն և երկու տարի սիրում էր ու միայն նոր հասկացավ և հասկացավ անսպասելի գյուտի պես, հանկարծ, ինչպես նոր ծնված լիներ։
***
Մեղրամիսն անցավ փոթորկալի, աղմկահույզ։ Ռուբենը արբածի պես էր աշխատում նորակառույց պատերի վրա։ Եռանդը հորդում էր գարնան գետի պես՝ պղտոր, վայրի, բայց թարմ, կենսալի։ Գործը թռցնում էր նրան։ Փայլուն ցուցանիշներ էր տալիս նրա բրիգադը։ Ռուբենը կայտառացել էր, սկսել էր կատակել, երգել։
Աշխատանքի եռուն ժամանակը, երբ իր կնոջ սլացիկ դեմքն օդի մեջ երերալով գալիս արձանանում էր իր դիմաց՝ խանդաղատանքից մարում էր Ռուբենի սիրտը։ Եվ նա պղտոր ժպիտով հառաչում էր։ Նա իր բուռն սիրո բոցերի մեջ չէր տեսնում, չէր զգում ոչինչ ուրիշ բան։ Իր բրիգադով խոսք էր տվել տալ կվարտալում ամենաբարձր ց ուցանիշները։ Աչք ածեց չորս կողմը, կարգադրեց իր բրիգադի անդամներին ազնվորեն կատարել խորհրդակցության ժամանակ ընդունած վճիռը և սրբատաշ քարերն սկսեց զարդարանքի պես շարել նորակառույցի հպարտ պատին՝ երբեմն մուրճը վերցնելով և տաշած քարն ավելի գեղեցկացնելով գողտրիկ ու մանրիկ հարվածներով։
Ռուբենը սիրում էր նայել իր շենքին, թե ինչպես էր սա հասակ քաշում գեղեցիկ արձանի պես։ Լաստակների թևերի մեջ գրկված՝ շենքը հպարտ ծառանում էր վեր։ Վարդագույն տուֆն արշալույսի պես ներկում էր նրա ճակատը և հակադրվում հետևի բլուրների, ժայռերի գորշության։ Հեռու, քաղաքի վերևի մասերից ձեռով էին անում իր բրիգադի բարձրացրած շենքերը։ Ռուբենը քաղաք է կառուցում բոլոր կառուցողների հետ— դրանով էլ հպարտ էր նա և վարպետ որմնադիրի պատվի զգացումը բարձրացնում էր նրան մինչև ասպետականություն։ Նրա բրիգադը մի տեսակ «օրդեն» է— օրդեն ընտրովի ասպետների, որոնք իրենց անձը դրել են բարձր նպատակի վրա։ Ռուբեն ի «օրդենին» հետևում են մյուսները, և քաղաքում հայտնի է, թե ո՛ր շենքերն են բարձրացել այս օրդենի ձեռքով։ Սա պատվի խնդիր է։
Բայց տարօրինակ էր. Ռուբենը մի տեսակ կապ էր տեսնում իր հպարտ շենքերի և իր կնոջ մեջ։ Հետո այդ կապը գնում էր ավելի հեռուն— իր ընկերները։ Այդ ամենը կապված էին մի ընդհանուր կյանքով, որ ներդաշնակ մի երգի պես երգվում էր կառուցող երիտասարդի հոգում։
Աստղիկը ծաղկում էր ու դառնում ավելի տենչալի։ Հետո ժամանակ եկավ՝ նրա աչքերը լցվեցին երազով, դեմքը դառավ խնկագույն, պտուղի պես լցվեց և նա սկսեց արբած ու հոգնած ժպտալ Ռուբենին։
Եվ պտուղի պես էլ կաթեցրեց մի գեղեցիկ աղջնակ։
Եկան Ռուբենի ընկերները և սանձակոծ արին իրենց առանց այն էլ լցված ուրախությունը, երգեցին, պարեցին, լցրին Ռուբենի տունը այն թարմ ուրախությամբ, որ հատուկ է ընկերական շրջանին։
Միայն Աստղիկը ներվային էր այդ օրը։ Բայց նրան նայող չկար։ Երեխան աճեց ու կարմրեց խնձորի պես իր գեղեցիկ մոր և ասպետադեմ հոր գրկերում։ Ռուբենի կյանքը հոսել սկսեց լեռնային առվակի պես զվարթ ու խաղացկուն։
Մի բան միայն, մի ստվեր սողոսկում էր աննկատ և նստում Ռուբենի տան անկյունում։ Աստղիկը կոպիտ էր վարվում նրա հետ։ Բնավորություն էր այդ, թե անցողիկ ներվայնություն, դեռ հայտնի չէր։ Ռուբենը նկատում էր այդ, բայց սիրո բուռն հոսանքում բարեխառնվում էր այդ։ Սերը չէր ուզում նկատել իր շուրջը հավաքվող այդ ստվերները։ Սակայն, երբ կոպտության վարագույրի հետևից նայում էին Աստղիկի աչքերը՝ սառն, օտար և ապակի՝ դա մնում էր Ռուբենի հոգուն։ Եվ նա գործի ժամանակ հիշելով այդ, մի րոպե կանգ էր առնում ու աչքերը պաղած մտածում։
Եվ այդքանը միայն։ Ռուբենը հետզհետե նկատեց իր և Աստղիկի մեջ մի աններդաշնակ հնչյուն, որ շարունակ լսելիքի մեջ խանգարում էր նրա ընտանեկան երջանիկ երգի եղանակին։ Աստղիկն ինչ-որ կղզիանում, մեկուսանում էր ինքն իր մեջ։ Դժգոհ էր ինչ-որ։ Իր վիճակի՞ ց։ Ռուբենի՞ց, նոր միջավայրի՞ց— չէր հասկացվում։ Ռուբենը ջանում էր նրան խառնել իր ընկերության մեջ՝ բնազդորեն զգուշանալով նրա մեկուսացումից։ Հեշտ էր կարծում այդ, և սկզբում չէր էլ նկատում, որ դա շատ դժվար բան է։
Աստղիկն այգեպան-առևտրական ընտանիքի աղջիկ՝ բնազդաբար զգալով իր աշխարհի չքացումը նոր աշխարհի մեջ՝ գալով Ռուբենի ընտանիքը՝ հույսեր ուներ, թե իր համար կբացվեն նոր ուղիներ։ Նա հաճախ երազում էր այդ ուղիների մասին։ Պարզ չէր, թե ինչ կյանք էր պատկերացնում այդ ուղիների մեջ և ինչ էր իսկապես այդ ուղիների կոնկրետ կողմը։ Բայց նա կենդանական բնազդով զգում էր, որ պետք է կառչել նոր մարդկանց, գնալ նրանց հետ մի փոքր առաջ՝ հետո տեսնելու համար, թե որտեղ կդադարի այդ երթը և այդ վախճան ը։ Եվ նա այդ անորոշ երազներով ու խարխափումներով էլ եկավ Ռուբենի մոտ։ Եկավ հեշտությամբ, նրա մի կանչով։ Եվ երբ եկավ նրա մոտ՝ նոր զարթնեցին իր մտքերը, ավելի ճիշտը, նոր ուշքի եկավ, որ իր մեջ խոսում էր իր ընտանիքի, այգեպան-առևտրական հոր ու շրջապատողների հաշիվը—կառչել նոր մարդկանց և նրանց միջոցով լողալ, գնալ նոր կյանքի ծովով՝ մնալով հինը։ Աստղիկին շատ էլ հաճելի չէր Ռուբենի արհեստը։ Նա երազում էր Ռուբենին ինչ-որ իր երևակայած մի տնտեսական հիմնարկում, դրամների ծովում և ավտոների ու գնացքների եռուզեռի մեջ։ Երբ ընկերացավ Ռուբենի հետ, նախ զգաց իր մի սխալը— այգում Ռուբենը թողել էր շատ ինտելիգենտ տպավորություն, ինտելիգենտ մի հիմնարկի ղեկավարի չափ— իսկ այժմ Աստղիկը տեսնում էր, որ այդ արտաքուստ գեղեցիկ ու կոկ երիտասարդը հասարակ բանվոր էր, թեև բանիմաց և առաջավոր։ Եվ նա հիասթափ վեց։ Բայց սկսեց ճիգ գործ դնել Ռուբենին հանելու որմնադիրի վիճակից և տանելու տնտեսական, առևտրական գծով։ Ռուբենն, իհարկե, ծիծաղում էր այդ երազների վրա։
— Միևնույն է, ջանիկս, ես իմ տեղումն եմ ու լավ եմ։
— Ո՞վ է ասում,— կոկետ ու թթու ժպիտով պատասխանում էր Աստղիկը,— տես ինչպե՞ս է ապրում մեր հարևանը։
Ակնարկում էր մի ուտող-խմող ծառայողի։ Ռուբենը Աստղիկին ավելի սերտ մոտեցրեց իր բանվորական շրջանի ընտանիքներին, Աստղիկը կռվեց նրանց հետ և հարաբերությունը կտրեց։ Նա չէր սիրում բանվորներին։ Եվ ահա եկավ կատարյալ հիասթափումը— Ռուբենը այն նոր լոկոմոտիվը չէր, որ Աստղիկի հին գնացքը տաներ նոր կյանքի ռելսերով։
Մի անգամ, քաղսովետի ընտրության ժամանակ, երբ բանվորների ահագին բազմության մեջ դրվում էր Ռուբենի թեկնածությունը՝ Աստղիկը, որ ներկա էր իբրև հանդիսատես՝ սկսեց հակառակել և շրջապատողներին լսելի ձայնով Ռուբենից պահանջել, որ հրաժարվի ընտրվելուց։
Ռուբենը ձեռքը դրեց նրա ծնկան և շոշափելով հասկացրեց, որ իրեն պահի։
Աստղիկը զայրացավ։
— Դու ժամանակ չունես, դու երեխաներ ունես, էդ էլ քեզ հերիք է։
— Դա քո բանը չէ,— սաստեր Ռուբենը։
— Չէ, իմ բանն է։ Ես չեմ կարող քո երեխաներին պահել, որ դու գնաս գիշերներ լուսացնես քո քաղսովետում։
— Հիմարություններ մի դուրս տա։
Եվ Ռուբենը համբերությունից դուրս եկած՝ դողաց ու պապիրոսը վառեր։
— Հիմարություններ դու մի դուրս տա,— դիմադարձ կանգներ Աստղիկը,— նրանք հենց հիմարի են ման գալիս, որ հազար մի գործեր վրան գցեն ու իրենք հանգիստ ման գան։
Ռուբենը շրջապատողների հայացքից այրվեց ու բարվոք համարեց լռել։ Նրան ընտրեցին քաղսովետի անդամ։ Եվ ծափահա րությամբ։ Ընկերները, իր բրիգադի անդամները, մեծ խանդավառության մեջ էին։ Միայն Ռուբենն էր, որ չէր կարողանում ուրախանալ։ Նրան թիկունքից դանակ էին զարկել։ Այն ոսկի թել կապը, որ ջերմորեն անցնում էր նրա հոգուց դեպի իր ընկերները, հասարակական գործը և այնտեղից էլ իր կինը, ընտանիքը՝ կտրվեց։ Աշխարհը, այն ծաղկավառ այգին, ուր նա գտավ իր ընկերների մեջ հոգու մի այլ ընկեր՝ կինը, բաժանեց նրան իր հոգու մյուս կենսալից վայրից, իր շենքերից, ընկերներից, ընդհանուրի գործից, որի մեջ նա զգում էր, որ բարձրանում է։
Աստղիկը չէր սիրում այդ գործը։ Նրա համար ատելի էր այդ գործը, որի համար Ռուբենը երբեմն երեկոներն ուշանում էր, որի համար երբեմն ուտելիքն էր պակասում, շքեղ հագուստ չէր լինում։ Գործ, որի շուրջը հազարավոր մարդիկ ցնծում, ծափահարում, երջանկանում են, բայց որ անշուք է, ինչպես ակումբի գրասենյակ Աստղիկին այժմ պարզապես քաշում էր քաղաքի հին ընտանիքների կյանքը՝ լոտոն, թղթախաղը, ճաշկերու յթները։
Եվ Ռուբենի մեջ չգտնելով իր ձգտումների իրականացումը, նա կամաց-կամաց թողեց նրան և սկսեց որոնել... Ի՞նչ.— հազիվ թե լրիվ գիտեր, ինչպես և չգիտեր, թե ո՞րտեղ պետք է այն գտներ։ Նման այն որոնողներին, որ սկսում են որոնել, մինչև պարզվի, թե ինչ են ուզում գտնել, Աստղիկն սկսեց դուրս նայել ընտանիքից։
Գեղեցիկ, երիտասարդ կինը բնազդով գնում էր դեպի մի կողմ։ Այնտեղից մի շնչառություն շոշափում էր նրա կույր տենչանքները և քաշում դեպի իրեն։ Եվ այդ երկու էությունները մթան մեջ իրար էին գալիս՝ ինչպես ծղրիդներ։
Անցավ ժամանակ, և ծնվեց մի տղա։ Նա բերեց նոր հոգս և կարծես նաև նոր մտերմություն։ Ռուբենը ուրախ էր այդ հոգսի համար. դա վանում էր այն վատ ստվերները, որ սահում էին Ռուբենի սիրո վրայով։
Մի առավոտ միայն, երբ նա թեյն արագ խմելով ու հետն էլ բլուզի կոճակները գցելով խոսում էր Աստղիկի հետ՝ Ռուբենն ինչ-որ հապճեպ նկատեց նրա շարժումների մեջ։ Աստղիկը կարծես շտապեցնում էր նրան, որ սա գնա գործի, բայց դա անում էր ոչ խոսքով։ Դա չէր երևում նրա թեյ ածելու մեջ, հայացքի մեջ։ Այնտեղ նկատելի էր մի տագնապալի շտապ, որ անհանգիստ նայում էր Ռուբենի կողմը։ Այդ հայացքը թելադրում էր Ռուբենին՝ շուտ վերջացնել։
Ռուբենը դրան առանձին նշանակություն չտվեց, բայց դա մնաց նրա հիշողության մեջ։ Ու երբ տանից դուրս էր ելնում՝ բակից անցնելիս նայեց պատուհանից ներս՝ տեսավ որ Աստղիկը արագ մոտեցավ հայելուն և սկսեց երեսը պուդրի քսել։
«Շուկա է շտապում»,— մտածեց Ռուբենը և միամիտ դուրս եկավ բակից։ Երբ հասավ շենքի վայրը՝ տան մտքերն ու Աստղիկր ցնդեցին ծխի նման։ Առողջ ու կենդանի աշխատանքը գրկեց նրան ու տարավ հզոր բազուկներով։
Երեկոյան վերադարձին Ռուբենը Աստղիկի շարժումներից նկատեց մի տարօրինակ բան։ Կարծես սա իրեն չէր տեսնում։ Գնում էր գալիս սենյակից սենյակ, վերցնում, վայր դնում աննպատակ մի առարկա։ Պարզ էր՝ Աստղիկի միտքը զբաղված էր մի բանով, որ կապ չուներ այդ ընտանիքի հետ։
— Ի՞նչ կա, Աստղիկ,— հարցրեց Ռուբենը։
— Ոչինչ,— շեշտ պատասխանեց Աստղիկը, ապա սառը նայեց նրան և հարցրեց,— ի՞նչ ես կպել ինձանից։
— Ո՞վ է կպել քեզանից...
Աստղիկը լռեց։
Ռուբենն սպասեց, որ Աստղիկը խոսի, բայց նկատելով, որ Աստղիկը շարունակեց իր մտքի հետն ընկնելը՝ զարմանքով նայեց նրան և լռեց։ Հոգնած էր։
Հետզհետե Ռուբենը նկատում էր մի բան, որ Աստղիկն անտեղի կոպիտ պատասխաններ էր տալիս իր անմեղ հարցերին։ Նկատեց, որ Աստղիկը տան գործերն էլ երեսի վրա էր թողն ում, կռվում էր երեխաների հետ։ Սկսեց նաև ծեծել նրանց։
Դա առիթ տվեց, որ Ռուբենը միջամտի։ Դա արդեն վեր էր Ռուբենի ուժերից— նա սաստիկ սիրում էր իր երեխաներին։ Շուտով երեխաների լացը, Ռուբենի հանդիմանությունները և Աստղիկի ճիչը դարձան միակ ձայները, որ լսվում էին այդ ընտանիքում։ Այդ ձայներից զատ՝ մնացածը լռությունն էր, որ տիրում էր նրանց տանը։
Սակայն մի հանգամանք։ Եվ դա սկսեց աչքի ընկնել։ Չնայած ներվային խոսակցություններին, վեճերին՝ Աստղիկը առանձին ջանասիրությամբ զարդարվում էր ամեն օր, և դա առավոտից սկսած։ Ի՞ն չ գործ ուներ այդպես վաղ... Ռուբենին զարմացնում էր այդ, բայց նա գլխի չէր ընկնում։ Մի անգամ միայն ինքնիրեն հարցրեց. «Երեկո չէ, թատրոն չի գնում, կինո չի գնում, ինչի՞ է զարդարվում...»։
Այդ զարդարանքները բոլորովին չէին բռնում Աստղիկի կռվարար վարմունքներին և մռայլ, ներվային դեմքին, որով նա անհամբեր շրջում էր սենյակում և ներսուդուրս անում։
Մի ինչ-որ լարված, խուլ պատմություն էր սկսվում նրանց ընտանեկան կյանքի մեջ, որ խոսում էր անձայն բառերով։ Նրանք դեռ ականջ էին դնում։
Մի անգամ Ռուբենը շենքի գործերով քաղաք էր գալիս տրամվայով։ Հանկարծ փողոցի մայթին նրա աչքովն ընկավ Աստղիկը մի երիտասարդի հետ թևանցուկ արած։ Երիտասարդի ախտավոր դեմքը կոծկվում էր մի լկտի ժպիտով։ Նա շատ ազատ էր կպել Աստղիկի թևին։ Ռուբենին խոցեցին Աստղիկի ցողուն, վառվող աչքերը։ Նրա հարբած դեմքի վրա խաղում էր անսովոր ուրախություն, հրճվանք։ Անգամ Ռուբենին թվաց, թե Աստղիկը իրեն նկատեց, բայց էլի շարունակեց մոտեմոտ գնալ, հպվել երիտասարդին։ Ռուբենը գլուխը թաքցրեց ուղևորների մեջ։ Նա զգաց խանդի թույնի առաջին հաճույքը, որ հետո է դառնանում։ Նա ամաչեց և վախեցավ հայտնվել։ Վախեցավ իրենից։ Բայց դա մի րոպե․ հանկարծ նա վեր թռավ, առաջ մղվեց, որ իջնի վագոնից, բայց ճանապարհ չէին տալիս։ Ու մինչ նա կթռչեր վայր՝ Աստղիկն ու երիտասարդն անհետացել էին բազմության մեջ։ Արդյո՞ք մտան մոտակա խանութներից մեկը, թե ինչ, բայց հետքերը կորավ։ Ռուբենին խիստ մտահոգեց այդ անհետացումը։ Դրա մեջ ինչ-որ դավադրական չար բան կար։
Խանդն ու զայրույթը խեղդեցին Ռուբենին։ Նա հապճեպ նայեց խանութները, խաչաձևող փողոցը, բայց զուր— Աստղիկն ու երիտասարդը ցնդել էին։
Ռուբենի երևակայությունն սկսեց նկարել թունավոր պատկերներ, որ ինչքան գաղտնի են ու խուսափուկ, այնքան ծանր են խանդող սրտի համար։ Նա մղվում էր ամեն կողմ, դեպի բոլոր տները, բռնելու, ետ քաշելու Աստղիկին այդ մռայլ, չարորակ գողությունից։ Բայց նրան կաշկանդել էր իր դրության անզորությունը։ Ո՞վ գիտե ուր մտան, հեռո՞ւն, թե մոտ—ահա այս տա նը...
Ռուբենը ալեկոծ վիճակի մեջ վերադարձավ, նստեց տրամվայ, անցավ տրեստի վարչությունը։ Թե ինչ խոսեց գործի մասին՝ չիմացավ։ Այդ ամենը կատարվեց ինչ-որ արբած վիճակում։ Նա խոսում էր, և նրան թվում էր, թե դա իր ձայնը չէր, որով խոսում էր։ Սա արագ վերադարձավ շենք։ Այնպես էր շտապում, այնպես հապճեպ էր պատը շարում, կարծես թե ամեն բան կախված էր պատի կառուցման վախճանից։ Շենքի պատերը, որ առաջ շարժուն էին, կանգ առան, քարերը չէին բարձրացնում շենքը։ Գործը մեռավ։ Հարվածը տաք էր, Ռուբենը չէր մտածում այլևս։ Նա գերի դառավ իր մեջ՝ ինչ-որ քնած բնազդներին։
Օրվա կեսը դառավ անսպառ ժամանակ, արևը կանգ էր առել։ Նրան թվում էր, թե դեպքը պատահել է մի ամիս առաջ, այնքան խորացել էր, այնքան երկար էր տևում ժամանակը։ Օրը թվում էր դեպքերով լիքը, չարագուշակ էր փողոցը, մայթը, մարդիկ, վերջապես Աստղիկը այն լկտի երիտասարդի հետ։
Ահա նա հասնում էր տուն։ Ահա մի քանի քայլ և կսկսի տենչալի բացատրությունը։
Երբ Ռուբենը մտավ սենյակ՝ Աստղիկը չկար։ Այս չէր մտածել։ Դատարկ սենյակը թշնամական լռությամբ նայեց նրան։ Երեխաներն եկան հարևանենց տանից։
— Ո՞ւր է մաման...
Մաման չի եկել։
— Չե՞ք ճաշել։
— Ճաշել ենք, մեզ համար առավոտը կերակուր շինեց ու գնաց,— բացատրեց մեծ աղջիկը, որի աչքերում անմեղ մտահոգություն կար։
— Ո՞ւր գնաց։
— Չգիտեմ։
Ռուբենը դուրս նետվեց։
Դարձյալ նույն դարանակալ փողոցներն ու տները, որ կուլ են տալիս ամեն գաղանիք։ Անցորդներն ամենքն անտարբեր գնում էին իրենց բանին։ Վերադարձավ։ Սպասել սկսեց։ Ոչինչ չի փոխվում։ Երեխաները տարակուսած ու ճնշված իրեն են նայում։ Նրանք էլ բնազդաբար մի բան հասկանում են։
Ռուբենը ծխում էր և հուզմունքից հևում։ Օրը մթնել էր։ Լամպը վառեցին։
— Պապա, բա թեյ չե՞նք խմելու,— լացակումած հարցրեց երեխան, որ ավելի ճնշված էր հոր զայրալի դեմքից, քան թեյի ցանկություն ուներ։
Ռուբենը թեյամանը դրեց մեքենային։
Բակում շրջազգեստի ներվային խշրտուք լսվեց։ Մեկն արագ մոտեցավ դռան շեմքին։ Աստղիկն էր։ Ներս մտավ, աչքի տակով նայեց Ռուբենին, հետո լուռ մոտեցավ երեխաներին, կռացավ նայեց, հետո Ռուբենին դարձավ.
— Թեյամանը վաղո՞ւց ես դրել։
— Վաղուց,— պատասխանեց Ռուբենը կտրուկ և անշեշտ։
Աստղիկը գլխարկը վայր դրեց, սկսեց հանվել։ Երեխաները զգալով ինչ-որ անախորժություն՝ չխոսեցին։ Ռուբենը լարված ծխում էր և նայում հատակին։ Վերջապես ոչ իր ձայնովի հարցրեց։
— Որտե՞ղ էիր։
— Մորաքրոջս մոտ։
— Ամբո՛ղջ օրը...
— Ամբողջ օրը։
Աստղիկը թանձր ներկել էր շրթունքները, ներկը տարածվել էր նրա այտերին, կզակին։ Դեմքը դիմակ էր դառել պուդրուց, իսկ վրայից բուրում էր ինչ-որ օծանելիքի անառակ հոտը։ Նրա աչքերը մարել էին գաղտնի կրքային փոթորկից հետո, և նրանց տակին եզերվել էին կապույտ գծեր. Աստղիկն ապրել էր...
— Իսկ էն երիտասա՞րդն ով էր,— հանկարծ խայթեց Ռուբենը։
— Ի՞նչ երիտասարդ,— ցածրաձայն ու բռնի հանդարտությամբ հարցրեց Աստղիկը։ Եվ նայեց պատուհանից դուրս։
— Տրամվայից որ տեսա...
Աստղիկը աչքի տակով արագ նայեց Ռուբենին։ Չպատասխանեց իսկույն։ Հոսեց ծանր լռություն։
— Էն երիտասարդը ընկերուհուս եղբայրն էր։
— Որ ընկերուհուդ։
— Թիֆլիսում մի ընկերուհի ունեմ՝ նրա։
— Իսկ տուն, երեխա... ամուսին ունե՞ս։
Խեթ նայեց Ռուբենը և ձեռը տարավ դեպի Աստղիկի կոկորդը, որ բռնի, բայց ձեռը թափ տվեց ետ դարձավ դեպի պատուհանի գոգը, նսոտեց և սկսեց կծել պապիրոսը։
Աստղիկը լուռ էր, և այդ լռությունը կատաղեցնում էր Ռուբենին,
— Լավ, վերջը՞։
— Վերջն էն, որ ես գլուխ չունեմ էդ տեսակ հարցուփորձերի։ Ես ազատ եմ։
— Ազա՞տ ես։ Փողոցի կի՞ն ես դառնում։
Հետո ցույց տվեց երեխաներին։
— Սրանց նայիր։
— Երեխաներս տեղն են։ Երեխաների պատճառով չեմ կարողփտել քո տանը։ Ես կյանք եմ ուզում։
Ռուբենն արագ դուրս գնաց տանից ու ընկավ փողոցները: Շարժումը, հոգնությունը թվում էր, թե կբթացներ նրա հուզումնալի սրտի կսկիծը։ Շրջել սկսեց մինչև կեսգիշեր։
Այդ գիշեր քաղաքն ու փողոցը դատարկվեցին իր համար։ Դատարկվեց և կյանքը։ Նա կորցրել էր իր առաջին սիրո կինը։
***
Աստղիկն ստեղծեց իր համար դրսի առանձին կյանք։ Նա իր շուրջը բազմացրեց կասկածելի ծանոթներ, որոնց հետ շրջում էր կինոները, ճաշարաններն ու այգիները։ Ռուբենր հպարտությունից իր մեջ գցեց այդ գաղտնիքը։ Ինչ-որ ատելախառն սիրով այդ կնոջ հետ կապված՝ ելք չէր կարողանում գտնել։ Մյուս կողմից մեջտեղ էին ընկած երեք երեխաները, որոնց խնամել էր պետք։ Նա հույս ուներ, սիրող մարդու հույս, որ Աստղիկը կուղղվի։ Աշխատանքի տղամարդ և բրիգադիր, պատվին չէր ուտեցնում դուրս տալ գաղտնիքը։ Կամենում էր մի կերպ լուծել խնդիրն իր տանը, Աստղիկի հետ մենակ։
Սակայն արտաքին աշխարհը չուշացրեց իր մասնակցությունը։ Շուտով շշուկներով լցվեց տան բակը, հարևաններն սկսեցին խորիմաստ նայել Ռուբենին։
Ընկերները դադարեցին այցելել Ռուբենին։ Գործի ժամանակ նրա ներկայությամբ չէին խոսում Աստղիկի մասին։ Պարզ էր— դատապարտում էին նրանք, ովքեր տարիներ առաջ, այգում ուրախ շուրջպարով շրջապատել էին Ռուբենի առաջին սիրո թրթիռներին։ Ընկերների և ծանոթների լռությունն ավելի էր ճնշում Ռուբենին։ Գոնե խոսեին, գոնե պահանջ ներկայացնեին։ Նա ևս իրեն մեղավոր էր զգում, բայց ինչո՞ւմ, չէր կարողանում հաշիվ տալ իրեն։
Մի անգամ փորձեց գինու տալ իրեն։ Զզվեց, չէր էլ կարողանում արբել։ Հանդիմանեց իրեն այդ փոքրոգության համար և դադարեց շուտով:
Փորձեց տարվել գործով։ Վաղ գնում էր գործի և սկսում ներվային եռանդով աշխատել։ Աշխատում էր հարբելու չափ, հարբածի պես։ Սկսեց խստապահանջ դառնալ դեպի իր բրիգադը, անգամ բծախնդիր։
Ընկերները լուռ տանում էին, իբրև հիվանդ մարդու արարքներ, բայց և դժգոհում էին։ Դժգոհում էին և սպասում մի բանի— ինքը ևս սպասում էր այդ բանին— և դա իրենից էր կախված։ Նա պետք է որևէ վճիռ կայացներ։ Պետք է վերջ տար այդ կենակցությանը։
Նա տեսնում էր, որ այդ վերջն էր իր փրկությունը։ Եվ նա վճռում էր։ Բայց միայն աշխատանքի ժամանակ, երբ իր կնոջ մասին մտածում էր նրա վարքի մտահոգություններով։ Սակայն, երբ գալիս էր տուն և աչքն ընկնում էր իր կնոջ դեղձան մազերին, խրոխտ հասակին և թունավոր գեղեցկությանը, խանդը բռնկվում էր սիրուց ավելի։ Նա թուլանում էր այդ թույնից և ճնշվում, կծկվում։
Պատահում էին նաև բացատրության երեկոներ։ Ռուբենը խոսում էր երկար, համոզում Աստղիկին, սա ենթարկվում էր կարծես, զղջում։ Հետևում էին համբույրի կարճ վայրկյաններ։ Ռուբենը դրամ էր տալիս երեխաներին, որ կոնֆետ առնեն։ Աստղիկը նոր զգեստ էր կարում։
Բայց այդ վաղանցուկ հաշտությունները չէին հանգստացնում Ռուբենին։ Ավելին՝ երկարացնում էին հիվանդությունը։ Աստղիկը չէր փոխվում, շարունակում էր ավելի ախտավոր դառնալ։ Հետևյալ օրերը դարձյալ սկսվում էին կասկածելի ուշացումները։ Տուն էր դառնում այտերի ու վզի կարմրած շերտերով, կրկին սև եզրերը աչքերի տակին...
Մի անգամ Ռուբենը ճաշարան մտնելիս տեսավ Աստղիկին մութ անկյունում մի հարբած երիտասարդի հետ։ Նրանք իրար մոտ նստած խմում էին։ Ռուբենը հանդարտ, բայց լարված մոտեցավ և կանգնեց ուղիղ նրանց առջև։ Հարբած երիտասարդն անտարբեր ու արբշիռ նայեց նրան և գինու բաժակը բարձրացրած սպասեց։ Աստղիկը վեր կացավ։ Հարբածը բռնեց նրա թևը և ուժով նստեցրեց.
— Նստի՛ր։
Ռուբենը սուր նայեց Աստղիկին, նայեց աչքերի մեջ՝ երկաթի պաղ հայացքով՝ և ցածրաձայն հրամայեց.
— Վե՛ր կաց։
Աստղիկը նորից վեր կացավ ոլ շարժվեց դեպի դուռը։ Հարբածը ընկավ նրա հետևից։
— Թո՛ղ,— ճչաց Աստղիկը նրան ու վազեց դուրս։
Հարբածը հետևեց նրան, բայց ճաշարանից մարդիկ դուրս եկան և նրան բռնեցին։
Ամուսիններն շտապ տուն հասան։ Աստղիկն սպասում էր մեծ դեպքի։ Բայց Ռուբենր ոչինչ չարեց։ Երկար լռություն տիրեց, որից հետո Աստղիկր մռայլ հարցրեց․
— Հետո՞։
— Հետո՞,— կրկնեց Ռուբենը և մնաց պահ մի։ Հետո, էս րոպեիս կգնաս կամ հորանցդ, կամ ում մոտ կուզես։ Վերջ։
Երեխաներն սկսեցին լաց լինել։
Աստղիկը մնաց այդ գիշեը՝ վերջին գիշերը և հետևյալ առավոտը կապելով իրեն պատկանած իրերը՝ մշակ կանչեց և երեխաներին անասնական անտարբերությամբ լքելով գնաց։
Ռուբենր չհարցրեց, թե ուր։
***
Երեխաների լացը չդիպավ Ռուբենի զգացումներին։ Այնքան քարացել ու խստացել էր նա, այնքան կարոտ էր մի վճռական քայլով դուրս գալու իր հոգեկան անձուկ վիճակից։ Այդ քայլը կատարվեց, և նա ուրախ էր։ Եսականության ուրախությունը նրան այնքան էր հաղթահարել, որ չէր ուզում նկատել երեխաների վիճակն անգամ։
Հարևան մի կնիկ, առանց խոսքի, եկավ երեխաների մոտ՝ հանգստացրեց, դպրոց ուղարկեց մեծին, փոքրիկներին իր մոտ տարավ։ Նա ևս ուրախ էր։
Բակում ձայներ լսվեցին․ թեթևացած մարդկանց զրույց՝ կատարվածի մասին։ Ամենքը ճնշված էին Ռուբենի ընտանիքի տարիներ տևող զուսպ մղձավանջից, որ հիմա վերջացավ։
Երբ Ռուբենը գնաց շենքի վայրը՝ կարծես հիվանդությունից դուրս եկած լիներ։ Իրեն զգաց ամուրի, նախկին երիտասարդը, որ պատ է շարում և սպասում է քաղցր կյանքի։ Դիմացի կանաչ բլուրը, այգիների ծաղկած սալորենիները, նրանց տակին կանաչա ծ գետինը կրկին խոսել սկսեցին և խոստանալ ինչ-որ ուրիշ խնդություններ։ Ռուբենր քաղցր շունչ քաշեց և սկսեց աշխատել։ Հետո մտքերն սկսեցին պրպտել, խուզարկել այն արահետը, որով հեռացավ Աստղիկը։ Հետո նրա երևակայության մեջ նկարվեց նախընթաց գիշերվա դեպքը։ Նոր զգաց, որ դա իրեն խոր ազդել է։ Վերքը ցավել սկսեց— նա չէր զգացվում՝ քանի դեռ տաք էր։ Հանկարծ նրան շանթեց այն միտքը, որ Աստղիկը կարող էր գնալ հենց այն հարբածի մոտ։ Օձը զարթնեց մեջը։ Տխրեց,— ուրեմն խանդը չի անցնում՝ սիրո անցնելուց հետո։
Բայց երբ նոպան անցավ, նա զգաց, որ ինքն ազատ է։ Ճիգ արեց փարելու այդ նոր զգացմունքին։
Մի քանի օր անցավ հոգեկան տարուբերումների մեջ։
Նոր կյանքը՝ սկզբում դրամատիկ և հանդիսավոր՝ հետագայում սկսեց բերել իր առօրյան— հոգալից ու սրտամաշ։ Երեխաները։ Լուսիկը՝ մեծ աղջիկը ութ տարեկան, չէր կարողանում պահել իրենից փոքր Պետիկին ու ավելի փոքր Մուշիկին։ Նա դպրոց էր գնում։ Հարևան կնիկն էլ գնում էր իր բանին։ Պետք էր տնօրինել երեխաների կյանքը։ Աստղիկը գնաց այնպես, կարծես երեխաները իրենց չէին։
Հարևանները ձայները բարձրացրին— սկսեցին պարզ խոսել Աստղիկի սանձարձակ վարքի մասին՝ ճաշարաններում ու մասնավոր տներում։ Դա և խոցում էր Ռուբենին, և ուրախացնում։ Ուրեմն վերադարձ չկա։ Աստղիկը կորած է ընդմիշտ։
Ռուբենը հույս ուներ, որ իր վերքն այսպիսով էլ կամաց-կամաց կբուժվի։ Հիմա արդեն երեխաների վիճակն էր սրվում, դա էր խռովում նրան։ Ցերեկները թողնում էր պատշգամբում, բակում, պատվիրում էր, որ սպասեն իրեն և երբ հոգնած գալիս էր տուն՝ տեսն ում էր պատուհանի տակ փոքրիկները քնած, իսկ Լուսիկը խեղճ-խեղճ մոտները նստած՝ սիրտը մղկտում էր։
Մի օր էլ փոքրիկը լաց էր լինում։ Լուսիկը բացատրեց,— մամային է ուզում, չի իմանում, որ էլ մաման չի գալու։
Սա խորը վիրավորեց Ռուբենին։ Ներս մտավ հարևան կնիկը և սկսեց խոսել Ռուբենի հետ նրա երեխաների մասին։
— Էսպես չի լինի, այ որդի։ Երեխաներդ ափսոս են։ Դեն գցած կատվաձագերի պես մնացին խեղճ։
— Լավ, ի՞նչ անեմ, մերս։
— Մի ռուս կնիկ կա հարևան բակում։ Բեր պահի, նա էլ երեխանցդ կնայի։
— Ո՞վ է, ի՞նչ կնիկ է։
— Լավ կնիկ է։ Մենակ ոտները ցավում են։
Ռուբենը չմտածեց երկար։ Եվ հուսահատորեն կարճ կտրեց.
— Կանչիր, գա։
— Մեզ համար մամա են բերում՝ ուրախ-ուրախ խոսեց միջնակ երեխան՝ Պետիկը։ Իսկ Մուշիկն արցունքոտ աչքերով նայեց հորը.
— Լավ մամա բեր, որ չգնա։
Ռուբենը դառնորեն ծխել սկսեց։ Հարևան կնիկը գնաց։
Նոր «մաման» երկու ոտքով կաղ, լնգլնգալով բակից ներս մտավ։ Բադի էր նման։ Նա ուսին սպիտակ փուշի էր գցել, որ իջնում ծածկում էր ուռած փորն ու հաստ կոնքերը։
Նա լղար էր սակայն։
Նրան ուղեկցում էր հարևան կնիկը։ Պառավն առաջ ընկավ, առանց դուռը ծեծելու ներս մտավ Ռուբենի սենյակը և ձեռով արեց կաղ կնոջը։
— Կարելի՞ է,— հարցրեց սա հնչուն ու սրտաբաց ձայնով։
— Համեցեք,— ասաց Ռուբենը և վեր կացավ տեղից։
Ռուս կինը ներս մտավ և առանց շուրջը նայելու նստեց տաբուրետի վրա։ Նա և Ռուբենը իրար նայեցին։ Հարևան կնիկը մոտեցավ Լուսիկին և բռնելով նրա ձեռը՝ նստեց։ Փոքրիկը՝ Մ ուշիկը քնած էր։ Միայն Պետիկը թմրած ու հոգնած աչքերով նայեց նորեկին։
— Սա՞ է նոր մաման։
Բոլորը ժպտացին։
Ռուբենը կրկին նայեց կնոջը և չկարողացավ սկսել։ Ծանր, դժվար, անհասկանալի էր իր անելիքը։ Իսկապես ո՞վ էր, ի՞նչ կին էր դիմացինը։
— Դուք երեխաների համար տանտիրուհի՞ եք որոնում,— հարցը պարզ դրեց կինը։
— Այո,— պարզ պատասխանեց Ռուբենը թեթևացած։ Ռուբենը զգաց մի ինչ-որ թարմ հոսանք իր սենյակների ծանր մթնոլորտում։
— Նու, եթե ուզում եք՝ փորձեցեք։ Ես կպահեմ երեխաներին, կնայեմ տանը։ Հարմար եղա՝ կմնամ, եթե ոչ դուք ազատ եք, ինչպես և ես։
Ռուբենը մի տեսակ ամաչեց, զգալով, որ ինքն այդ րոպեին ամենից շատ մտահոգված էր հենց այդ վախճանի հոգսով։ Նա համաձա յնեց , որ կինը մյուս օրը գա իր մոտ։ Հարևան կնիկը, նշաններով հասկացրեց ռուս կնոջը, որ իրերը բերի։
Ռուս կինը վեր կացավ։ Նա կանգնած իսկ՝ օրորվեց իր ոտքերի վրա։ Սաստիկ կաղ էր։ Հետո թեթև ցտեսություն ասաց և մեղմաժպիտ նայեց երեխաներին։
Դա նուրբ, խոր ժպիտ էր մի մարդու, որի պրոֆեսիան կարծես ինչ-որ ջերմ, ներքին բան է, որ մենակ բարի մարդն է ունենում իբրև տաղանդ մարդկային սերը։
Երբ նա շրջվեց, այսինքն պտտվեց իր մի ոտքի առանցքի շուրջը, և դուրս քայլեց օրորվելով՝ Ռուբենը նկատեց նրա սարսափելի խեղանդամ կոնքերը, ծուռ ոտները։ Այն ջերմությունն ու խանդաղատանքը, որ մի փոքր առաջ զգացել էր նա, սուզվեց ուրիշ մի հորձանքի մեջ։ Ինչ-որ մի դառնություն զգաց Ռուբենը՝ արդյո՞ք դեպի այդ կաղ կինը, թե՞ դեպի իր վիճակը։ Մի հուսահատ, ատելախառն դառնություն։ Եվ ձեռը զայրալի թափ տվեց։
— Թող, մեջն անիծեմ էսպես կյանքի... միևնույն է... Ռուբենը թափ տվեց ձեռն իր սեփական կյանքի վրա, արհամարհանքով անձնազոհ եղավ, մտավ մի ինքնամոռաց վիճակ։ Դա ծխի պես դառն էր, այրող, բայց դուր էր գալիս նրան։ Կարծես վրեժ էր լուծում իրենից։ Նաև կնոջից։ Եվ ամենքից։ Կարծես արդարություն էր վերականգնում՝ ինչ-որ մեծ արդարություն։
Խռովեց իր կյանքի ուրախությունից և իրեն տվեց հանրային ուրախությանն ու երջանկությանը։ Սկսեց թաղվել գործի մեջ, նեղել իրեն, չարչարել։ Դա ևս ոգելից խմիչքի պես այրող էր ու ընդարմացնող։ Դաժանությունը դառավ նրա մտերիմ զգացումը։ Ոչ ոքի էլ չէր պատմում իր կյանքի մասին։ Արտաքուստ չէր ուզում կասկածել տալ, որ իր մեջ հուզվում է մի գաղտնի վեպ։
***
Սոֆյա Պետրովնան՝ կաղ կինը, եկավ մտավ Ռուբենի ընտանիքն ու եկավ շատ ծանրակշիռ և լուրջ։
Ռուբենը չէր ապրում հետը։ Սա պարզ էր։ Նա իր գործին էր ամբողջ օրը։ Կինը խնամում էր երեխաներին և Ռուբենին։ Սոֆյա Պետրովնան շատ կարևոր ու հիմնավոր դրեց իր գործը։ Եվ շատ խորքից։ Սրբեց, պլպլացրեց տունը, դուռը, երեխաներին նախշեց խնձորների պես, միջնակին՝ համբերատար ջանադրությամբ՝ կաղալով տարավ տվեց մանկապարտեզ և կարգեց խիստ կանոններ կենցաղի։ Իրեն հասկանալի և իր մեջ արդարացրած ինչ-որ ճշգրիտ ու խիստ բարոյախոսություն ուներ, որով վարվում էր։ Եթե մի բան պետք է՝ պետք է ուրեմն՝ վերջացավ։ Ուրեմն երեխաները ուղիղ ժամը ութին քնում են, վեր են կենում ութին։ Սա օրենք էր։ Լաց լինել չէր կարելի։ Կարելի էր ամեն բան խնդրել և նայած թե խնդրածն ինչ էր՝ ստանալ։ Բայց այնքան չափավոր, որ չհիվանդանար։ Ժլատ, ագահ չէր, բայց խնայող էր։ Երբ տունը լավ կարգի ընկավ՝ սկսեց երեխաներին զբաղեցնել։ Սկսեց հեքիաթներ պատմել։ Հետո սկսեց նաև երգել։ Երգում էր շատ մեղմ ու համավոր։ Այսպես՝ աղվեսն ասաց գայլին. ու երգում էր, թե ինչ ասաց գայլին աղվեսը: Թուխս հանած հավի պես էր՝ ճտերը չորս բոլորը։ Միշտ զգուշացնում էր, ամեն րոպե կանչում, ուղղում։
Լավ եղանակներին երեխաներին մաքուր հագցրած տանում էր զբոսնելու երբեմն դեպի բլրի խճուղին, մաքուր օդ շնչելու, տեսարաններ դիտելու։ Երբեմն էլ տանում էր շուկա.
— Թող կյանքն էլ տեսնեն,— բացատրում էր Ռուբենին Սոֆյա Պետրովնան։
Ռուբենին մի փոքր զարմացնում էր՝ թե ինչու էր այդ ցավագար կաղը վճռում կատարել իր ֆիզիկականից վեր գործեր. մա՛նավանդ որ, ոչ ոք չէր պահանջում։ Դա Սոֆյա Պետրովնայի կենցաղի խստականոն, յուրահատուկ հասկացողությունն էր։ Կարծես այդ ամենը իր համար էր, ոչ երեխաների։ Նա էլ իր ներքին ինչ-որ աշխարհն ուներ, որտեղից այդպիսի տարօրինակ բաներ էին դրսևորվում։
Ռուբենն անտարբեր ու համաձայն լսում էր Սոֆյա Պետրովնայի բացատրությունները և ոչինչ չէր ասում։ Նրա համար դա ուրիշի գործ էր։ Բայց վերջերս նա կտրվեց իր ընկերական շրջանից։ Կտրվեց այն մտքով, որ զբաղվում էր միայն բրիգադի գործով աշխատանքի ժամերին։ Դրանից դուրս կապ չէր պահպանում ընկերների հետ։ Նրանք իրենց կենսուրախ կենցաղով ճնշում էին իրեն, ինքն էլ չէր ուզում թունավորել նրանց իր դժբախտությամբ։ Գործը վերջանալուն պես գալիս էր տուն և նստում ժամերով։ Ծխում էր մտազբաղ։ Սոֆյա Պետրովնան նկատել էր, որ նա չի սիրում խոսել, ինքն էլ՝ չէր խոսում։ Դրա փոխարեն երեխաներն էին իրենց կաղ «մոր» հետ խոսում, աղմկում։ Դա սկսեց հանգստացնել Ռուբենին։ Վերջն ինքն էլ սկսեց մասնակցել նրանց զբոսանքներին՝ Սոֆիա Պետրովնային օգնելու համար։ Շատ էր նեղվում սա երեքին զբոսանքի տանելիս։
Մի օր էլ ճանապարհ ընկան դեպի փողոցն ի վեր՝ բլուրը։ Մայթի վրայով մի տեսակ ձգվեց այդ ընտանիքի շարանը, տեսարանի պես։ Առջևում իր փոքրիկին գրկած գնում էր Ռուբենը՝ մտախոհ ու լուռ, նրանից մի փոքր հետո քայլում էր Լուսիկը՝ աչքը խանութների վիտրիններին։ Ամենից վերջը Պետիկի ձեռից բռնած, լնգլնգում էր բադի պես Սոֆյա Պետրովնան՝ շատ լուրջ և կարևոր դեմքով, իր գործի մեծ գիտակցությամբ։
Գնում է Ռուբենը՝ իբրև դառն հանդիմանություն, իբրև համակերպված, անձնուրաց մի մարդ, որին անիրավել են, լքել, և որը հպարտորեն կրում է իր լուծը։ Նա միայն մի տենչ ուներ՝ չպատահել ծանոթների, ընկերների, ցույց չտալ իր գեղեցիկ վիշտը և տգեղ ընտանիքը։ Երբեմն արագ քայլելուց շատ առաջ ընկած՝ կանգնում էր, որ Սոֆյա Պետրովնան հասնի։ Եվ սրտնեղում էր.
— Հը՞, գալի՞ ս ես։
— Գալիս եմ,— հանդարտ ու բարի աչքերով նայում էր Ռուբենին կաղ կինը և հևում։
Գալիս էր, բայց որքա՜ն դանդաղ, ինչպե՜ս հանգիստ։
Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ հանգստությունից և կաղությունից։ Նա հասկանում էր մասամբ նաև ինչու համար։ Սոֆյա Պետրովնան շատ էր գոհ իր կյանքից։ Գոհ էր, որովհետև իր վրա դրած պարտականությունը կատարում էր սրբությամբ։ Ռուբենի երեխաներին խնամում, կրթում էր անձնվիրաբար, ոչ ոք չէր կարող կշտամբել նրան որևէ թերության համար։ Բայց Ռուբենն զգում էր այդ կաղ կնոջ հանգստության նաև ներքին աղբյուրը։ Սոֆյա Պետրովնան միանգամայն բավարարված էր իր կյանքի այս ելքով։ Նա ապահով էր։ Եվ իրոք՝ Սոֆյա Պետրովնան շատ դժբախտ էր ապրել։ Կաղությունը նրան ընդմիշտ զրկել էր ավելի բարձր երջանկությունից՝ սիրուց և փայփայանքից։ Ավելին։ Կաղությունը նրան դուրս էր գցել նաև իր հարազատ քաղքենիական ընտանիքից։ Ծնողները մեռել էին վաղուց, եղբայրները չէին օգնում, և ինքը Ռոստովի կիսակիրթ կնիկ՝ ընկել էր կյանքի երախը, սեփական ուժերով պայքարելու ստիպումով։ Դա մի տարած-տրորած էակ էր, որ կյանքի ալիքների մեջ տարուբերվում էր դյուրաբեկ խոտի նման։ Վերջերս էլ ընկնելով Երևան՝ ծառայել էր մի երկու տեղ, բայց ֆիզիկապես ուժեղների մրցմանը չդիմանալով՝ անգործ, սաստիկ կարիքի մեջ էր, երբ Ռուբենի դժբախտությունը վրա հասավ նրան փրկելու։ Արդ, փրկված էր նա և խեղդվելուց նոր ազատվածի մոլեգնությամբ ամուր բռնել էր ափի խոտերն ու քարերը։ Նա հիմա շատ ու շատ թանկ էր գնահատում իր այս վիճակը և ճիգ էր անում պահել ձեռքում այս առիթը, վերջապես ապրելու... Եվ ահա ապրում էր այնպիսի ուժով, ծարավով... Միաժամանակ գիտակցում էր իր դերի նշանակությունը— նա պետք է մարդկանց, նա գրավում է մի այնպիսի պոստ, որ ուրիշը չի կարող, չի կամենում։ Վերջապես ինքը խաղաղացրել է մի մարդու ընտանիքի փոթորիկը։ Սոֆյա Պետրովնան զգում էր, որ ինքն է գերիշխում այդ ընտանիքում։ Ահա, թե ինչու նա այդպես հանգիստ ու անվրդով քայլում էր Ռուբենի հետևից։ Նա հպարտ էր... և երջանիկ։ Կաղ կնոջ խաղաղ երջանկությունը, որին մասնակցում էին նաև երեխաները, եկել, կարծես թե թառել էր Ռուբենի դժբախտության վրա։ Բավական էր, որ դժբախտ երիտասարդը թափահարեր ինքն իրեն՝ այդ երջանկությունը կթափվեր գարնան կեռասենու հասած ծաղիկների պես։ Պե՞տք է անել այդ...
Ռուբենը կրկին ետ նայեց և սպասեց, որ կաղը հասնի։ Ուզեց հանդիմանել նրան, բայց կնոջ հևքը տեսնելով զսպեց իրեն։ Ցավագարն շտապում էր որքան կարող էր, դանդաղում էր, որովհետև անկարող էր ավելին։ Նրա աղջկային, թարմ այտերը շառագունել էին քայլելուց և հասնելու ճիգից։ Ի՞նչ կարելի էր ասել։ Հանդիմանեց Ռուբենն ինքն իրեն, արդարացրեց ցավագար կնոջը և շարունակեց ճամփան։
Բայց, այնուամենայնիվ, մի բան մնում էր անողոք ճշմարիտ։ Որ Ռուբենը դժբախտ էր։ Որ այդպես նեղվում, շտապում էր նրա սիրտը, իսկ հետևից քարշ էր գալիս իր հոգսը, լքած ընտանիքը և իր ճակատագիրը՝ կաղ կինը։ Սկսեց խղճալ իրեն, մտքում հանդիմանել այդ ճակատագիրն ուղարկողին։ Թերևս ուրիշ կերպ կարող էր տնօրինել իր բախտը։ Թերևս սխալվել է այդ կաղ կնոջն իր տուն բերելով... Կարող էր չէ՞ մի այլ էակ, գեղեցիկ ու թրթռուն այժմ թևանցուկ արած քայլել իր կողքով։ Պատկերացրեց այդ աննյութ էակին, զգաց նրա գիրգ թևերի հպումը իր երկաթամկան թևերին։ Սակայն, երբ նայեց իր գրկում ննջած երեխային և հիշեց հետևից քարշ եկող մյուսներին՝ ցնորքը թռավ ճառագայթի թեթևությամբ։ Ո՞վ, ո՞ր կինը կբերի իր գեղեցկությունը մաշելու երեք երեխայի խնամքի հոգսի մեջ... ո՛չ, զուր են երազները։
Եվ ահա երևակայության արբեցման մեջ, մշուշոտ աչքերի դիմաց սկսեց գծագրվել ու երերալով գնալ իրենից հեռացած էակի կերպարանքը։ Այնպես, ինչպես սիրել էր նրան այն ուրախ գարնան ծաղկած այգում, երբ չէր ճանաչում նրան, բայց սիրեց բուռն կեպով։
Նրա հետևից հնչեց իր աղջկա և միջնակի զանգակի ծիծաղը։ Նրանք ինչ-որ բան ցույց տվին «մամային» սա՝ «այո, այո» ասաց։ Բայց Ռուբենը իր երազի հետ էր, անգամ ետ չնայեց։ Աչքերը կիսախուփ, մշուշոտ՝ նա հառաչեց ու հայացքը գցեց հեռու հորիզոնները։
Ո՛չ, այս ընտանիքը, այս կինը իր ճակատագիրն էր, պետք է տաներ, տանջվեր և այդպես էլ չորանար, վերջանար։
Դառն ծխի պես ներս քաշեց այս միտքը իր մեջ. դա արդեն վրեժի ցասման քաղցր դառնությունն էր, որ նրան պետք էր գինու, ծխախոտի պես։
***
Մի հանգիստ օր, երբ Սոֆյա Պետրովնան երեխաներին տարել էր զբոսնելու և Ռուբենը պառկել թախտի վրա նիրհում էր՝ ներս մտան նրա ընկերները։
— Բարի օր, հյուր կընդունե՞ս,— կես հեգնական ասաց վարպետ Սերոբը։
Դա հիսունի մոտ մի կոճղ էր, ուրիշ բրիգադի բրիգադիր։ Նա կոշտ բեղերը սրեց և հիմնավոր նստեց տաբուրետին։ Մյուսները լուռ տեղավորվեցին։
— Հը՞,— արեց վարպետ Սերոբը և կծու նայեց Ռուբենին,— բավական չի՞։
— Ինչ եմ անում,— անշեշտ հարցրեց Ռուբենը։
— Բռնած ծրագիրդ ծրագիր չէ։
Ռուբենը վեր նայեց և բութ հայացքը գցեց վարպետի աչքերին։ Վարպետը, սակայն, անսասան էր։
— Ես իմ գործն ուրիշին չեմ անել տալիս, պլանները կատարում եմ, ոչ ոքի էլ չեմ խանգարում աշխատելու։
— Հարվածայնությունն էդ չի,— կտրեց մյուսներից մեկը, որ մինչ այդ լուռ էր,— հարվածայնությունն էդ որ լիներ՝ մեքենան ամենից լավ հարվածայինն է։ Մաքրիր՝ կգնա։ Հարվածայի՞ն ես՝ հարվածային կաց։
— Կնիկ ունեիր՝ թռցրիր, կպատահի։
Խուլ ձայնով խոսեց մի ուրիշը։
— Թքի գնա,— ձայն տվին մյուսները։
Վարպետ Սերոբը սկսեց վարժապետական տոնով.
— Կնիկդ գնա՞ց։ Ուրիշին բերիր՝ ընտանիքդ ապահովեցիր։ Բանը հո մենակ կնիկը չի։ Աշխարհքին մտիկ տուր, տես ուր է գնում։ Արի աշխատանք արա, ափսոս չի՞ աշխատանքը։ Ամենակյանքի բանը հենց աշխատանքն է։ Դե վե՛ր, դե վե՛ր։
— Ո՞ւր,— վախեցած հարցրեց Ռուբենը։
— Ավիացի օր է, գնանք,— ուրախ ձայն տվեց ամենից կարճահասակ մի բանվոր, որ չէր հասկանում ոչ Ռուբենի վիշտը, ոչ էլ այդքան երկար խրատելու կարիքը։ Նա սևասաթ աչքերը պսպղացրեց ու դուրս եկավ բադի պես օրորվելով։ Ու կանգնելով պատշգամբում, թևի մկաններն ուռեցրեց ու ըմբիշի պես հարձակվեց իր նման մյուսի վրա.
— Հը՜մ, կնկա հերն եմ անիծել։
Իսկ ներսում Ռուբենը համառում էր։ Նրա թևերից քաշեցին, դուրս բերին։
Ռուբենն ակամա դուռը կողպեց, բանալին դրեց նշանացի տեղն ու գնաց։
— Ախր ո՞ւր եք տանում, է՜։
— Զխկում քեզ, գնա,— բոթեցին կոպիտ բռունցքներով ու հռհռալով դուրս եկան բակից։
— Հիմի բանը երեխեքն են,— շարունակեց վարպետ Սերոբը.— դու պիտի աշխատես լավ երեխեք տաս պետությանը։ Երեխեքանցդ գործն էլ դրստել ես, էլ ի՞նչ ես ուզում, տնաշեն։ Թքի՛ր, գնա...
***
Սակայն տանը ծաղկում էր խաղաղ ուրախությունը, չէր նա֊յում ոչ Ռուբենի վիճակին, ոչ նրա դառնությանը։
Սոֆյա Պետրովնան հիմնարկի պես սարքել էր տունը և նրա կենցաղը։ Երեխաներն այնպես էին կապվել նրա հետ, որ չէին ուզում հիշել իրենց մորը, բացի Լուսիկից, որ թեև չէր խոսում, բայց սրտում կրում էր այդ վիշտը։ Սոֆյա Պետրովնան Լուսիկի հետ միասին տանը գործերը վերջացնելով՝ երեխաների հետ դուրս էր գալիս տան բակը և նստելով պատշգամբի սանդուղին՝ ասեղնագործում էր և հետն էլ մասնակցում երեխաների խաղերին։ Խաղերն ստեղծում էր ինքը։ Բակի առուն կապել էր տալիս երեխաներին և հիդրոկայան էր խաղացնում։ Կանչում էր բակի մյուս երեխաներին։ Սրանք էլ էին մասնակցում «երկրի շինարարության»,— ինչպես կոչում էր խաղը Սոֆյա Պետրովնան։ Երեխաներն արդեն իրենք շարունակում էին ստեղծագործել։ Երբեմն կռվում էին, երբեմն երգում, տոն կատարում։ Հանդիսավոր երթն աղմկում էր բակում։ Տանեցիները դուրս էին գալիս պատշգամբ՝ դիտելու «բանվորների» տոնակատարումը։
«Հիդրոկայանին» հետևում էր որևէ «գործարանի» կառուցում։ Սոֆյա Պետրովնան տալիս էր պլանը՝ երեխաները կառուցում էին։ Հետո նա պարգևատրում էր երեխաներին՝ տալով ամենքին կես-կես կոնֆետ։
Բանն այն էր, որ ինքը ևս շատ սիրում էր այդ խաղերը, դրանց մեջ իրականանում էր նաև իր երազը՝ ապրել կենդանի կյանքով, մասնակցել շինարարության, իբր թե ինքն էլ ամենքի պես «նորմալ» մարդ է, պիտանի է և գոյություն ունի։
Նրա կյանքը թունավորվում էր մի բանով միայն։ Լուրեր էին բերում, որ Աստղիկը լսելով նրա մուտքը «իրենց» տուն՝ սրվել է իր դեմ և պիտի գա պատիժ տալու անկոչ հյուրին։ Սոֆյա Պետրովնան սաստիկ վախենում էր նրանից։ Նրա վախը հիմք ունեցավ։ Աստղիկը կատարեց այդ հարձակումը։ Դա պատահեց այն րոպեին, երբ Սոֆյա Պետրովնա ն խաղում էր երեխաների հետ։ Աստղիկը բակից ներս ընկավ ու վազեց դեպի նա։ Սոֆյ ա Պետրովնան փոքրիկին գրկած մի կերպ իրեն գցեց հարևան կնկա սենյակը։ Երեխաները ճչացին, բայց կուչ եկան մոր առաջ։ Աստղիկը գրկեց Պետիկին և սկսեց վայրենի համբույրներով սեղմել նրան իր կրծքին՝ հետն էլ հևիհև հարցնել.
— Մոռացե՞լ ես մամայիդ, հա՞, մոռացե՞լ ես...
Երեխան լաց լինելով կպավ նրա կրծքին, իսկ Լուսիկը մռայլ ու լացակումած հենվեց պատին։
Աստղիկը սկսեց բարձրաձայն հայհոյել Սոֆյա Պետրովնային, որը դողում էր վախից։ Հարևան կնիկը դուռը կողպելով դուրս եկավ նրա առաջ։
— Ի՞նչ ես ուզում խեղճ կնկանից...
— Թող դուրս գա, հոգին հանեմ,— ճչաց կատաղած մայրն ու հարձակվեց կողպած դռան վրա, սկսեց թակել։
Երեխաները վայնասուն գցեցին.
— Մամային սպանում են, մամային...
Սա ավելի կատաղեցրեց վիրավորված մորը։ Նա սպառնաց, որ պետք է սպանի «կաղին», ներս նայեց պատուհանից, բռունցքով սպառնաց և հետո գնաց։
Դուռը բացվեց և Սոֆյա Պետրովնան դուրս եկավ։
Երեխաներն ուրախ-ուրախ վազեցին կպան նրա փեշերին։
Ռուբենը իմացավ դեպքը, բայց ձայն չհանեց։
Մի անգամ Ռուբենը փողոցով գնում էր։ Հանկարծ անցորդների մեջ նկատեց Լուսիկին, որ իր առջևից գնում էր դպրոց։ Նա իր բարակ մատներով խնամքով բռնել էր թանաքամանը և նիհար ուսերը ծռել, որով երևում էր այն ճիգը, որ նա գործում էր զգույշ քայլելու։ Աղջիկը կոկիկ հագնված էր և ձախ թևքի տակ գիրքը սեղմած՝ նա ամբողջովին դառել էր ուշադրություն, խնամք և ուրախություն, որ դպրոց է գնում։ Մաքուր էին նրա մազերը, զգեստը, կոշիկները, հայացքը։
Ռուբենն ուրախացավ և մոտենալով աղջկան՝ ձեռքը դրեց նրա ուսին.
— Դպրո՞ց ես գնում։
— Հա, պապա,— փաղաքշական ձայնով պատասխանեց Լուսիկը։
Աղջկա աչքերում երջանիկ մի շող էր խաղում։
— Գնա, բալիկ ջան,— գուրգուրեց Ռուբենը և ճանապարհը ծռելուց առաջ ինչ-որ հակառակ պահանջի դրդմամբ հանկարծ հարցրեց աղջկան.
— Մամայիդ հիշո՞ւմ ես։
Աղջիկը ծաղկի պես գլուխը կախեց։ Ռուբենը բռնեց նրա գլուխը, բարձրացրեց վեր։ Աղջկա աչքերում արցունք կար։
— Լավ, լաց մի լինի, գնա, բալիկ ջան,— շշնջաց Ռուբենն ու ձեռքը բաց թողեց։
Մի փոքր առնվեց աղջկա այդ թաքուն վշտից, բայց կարծրացած սիրտը չէր թողնում ավելի խորը թափանցել փոքրիկի հոգեկան աշխարհը։ Ձեռքը թափ տվեց ու գնաց իր գործին։
Երեկոյան տուն վերադարձավ սրտնեղ տրամադրությամբ։ Փողոցի ուրախ ձայները նրան անհանգստացնում էին։ Ծիծաղը մտրակում էր նրա հոգին, ուստի փախչում էր փողոցներից, որ չլսի։
Մտնելով բակը՝ նկատեց, որ իրենց սենյակում ինչ-որ շարժում կա։ Երեխաները կչկչում էին։ Ի՞նչ կարող էր լինել այնտեղ։ Մոտեցավ պատուհանին, նայեց ներս։ Հարևան երեք երեխա մեջքով դեպի պատուհանը կանգնել՝ տարված դիտում էին ինչ-որ տեսարան։ Պատուհանի եզրից Ռուբենը տեսավ Սոֆյա Պետրովնային, որը պարում էր, հետն էլ հևալով, համեստորեն երգում։ Նա աշխատում էր պարել ավելի իրանով՝ քիչ գործադրել իր կաղ ոտները, որոնք ամեն մի շարժման արգելք կարող էին լինել։ Դա մի տեսակ կաղապար էր, ափիկ-ափիկ, կողք-կողքի։ Նա երգում էր մեղմ, աղջկային ձայնով, թախծալի, ուրախ շեշտով և տարված էր։ Ինչո՞ւ էր վճռել պարել, ի՞նչն էր պատճառը այդքան բարձր տրամադրության։ Ուշի ուշով նայողը կստանար այն տպավորությունը, որ նա երեխա է, մի ջահել աղջիկ։ Եվ իրոք՝ չնայած նրա քսան և ութ տարուն, նրա մեջ դեռ չապրած երեխայություններ կային, որ դուրս էին գալիս, երբ գտնվել էր հարմար միջավայր։ Չունենալով ուրախ մանկություն, խաղընկերներ, չապրելով վաղահաս տարիների ուրախությունը՝ նա մի տեսակ խաղընկեր էր դառել այդ երեխաների մեջ։ Ուրախությունն այնքան էր գրկել նրան, որ նա տարված չնկատեց Ռուբենի ներկայությունը։ Սա ներս մտավ մռայլ ստվերի պես և հանգցրեց ուրախությունը։ Կաղը կանգնեց, սառեց, երեխաները դուրս գնացին։
— Ուրիշ բան չգիտեի՞ր,— նկատեց Ռուբենը կոշտ ու սառը։
Կաղը զարմացավ.
— Ի՞նչ եմ անում որ...
— Դա ի՞նչ պար է։
— Երեխաների համար պարեցի, ի՞նչ եղավ, ուրախացան։
Ռուբենը սրտնեղեց.
— Լավ-լավ, սեղանը գցիր։
Կաղը վիրավորված նայեց նրան։
— Սեղանը կգցեմ, բայց դու ինչո՞ւ չես թողնում երեխաներին զբաղեցնեմ։
— Լավ, ասացինք, բավական է,— գոռաց Ռուբենը,— պարելուց առաջ կաղ ոտներիդ նայիր։
Կաղը շանթահար նայեց Ռուբենին և նրա մանկական պարզ աչքերի մեջ ցայտեցին արցունքները։ Նա լնգլնգալով գնաց մյուս սենյակը և ընկնելով անկողնի բարձերին՝ գլուխը թաղեց մեջը։
Երեխաները վախեցած նայեցին հորն ու փախան կնոջ մոտ, ծվարեցին վախեցած ձագերի պես։ Բնազդաբար բռնեցին նրա փեշից՝ կարծես երկյուղ կրելով, որ նա կարող է հեռանալ իրենց տանից։
Ռուբենը նստեց մի պահ, ծխեց և հետո մտնելով մյուս սենյակը՝ կանգնեց մեջտեղը։
— Հետո՞, շա՞տ պիտի սպասեմ։
Կինը ձայն չհանեց։
— Թո՛ւ,— արեց Ռուբենը և շարժում գործեց դուրս գնալու տանից։
Հանկարծ ետ դարձավ։
— Ի՞նչ է, կարծում ես նորությո՞ւն ասացի, ինչի՞ ես վիրավորվում։
Կինը ձայն չհանեց։ Երեխաներն էլ նրան հետևելով լռեցին ու սկսեցին հանդիմանական հայացքով նայել կոպիտ հորը։
Ռուբենը դուրս գնաց։ Կինը վեր նայեց։ Երեխաները պինդ կպան Սոֆյա Պետրովնային և սարսափած նայեցին նրան՝ պատրաստ ճչալու։ Կինը հասկացավ նրանց, և այն շարժումը, որ պատրաստվել էր անել՝ սառեց նրա մեջ։ Նա հանդարտ վեր կացավ, երեխաներին կանչեց սեղանի մոտ, թեյ տվեց և հրամայեց շուտ խմել և լվացվել։ Երեխաները սրբությամբ կատարեցին հրամանը։ Կինը դառել էր նրանց ամենաթանկ բանը, որ սարսափում էին կորցնելուց։
Կես ժամ անց նրանք պառկած էին անկողիններում։ Լուսիկը չէր քնած, հսկում էր, իսկ Պետիկը սկսեց թնկթնկալ։
— Դու ի՞նչ ես անում,— հարցրեց Սոֆյա Պետրովնան։
Երեխան հեկեկաց։ Լուսիկը վեր կացավ և մոտենալով նրա անկողնին՝ կամաց փսփսաց.
— Մի լար, թե չէ՝ մաման կգնա։— Երեխան զսպեց իրեն և սկսեց ճիգ գործել, որ զսպի իրեն, բայց չէր կարողանում։ Գլուխը թաքցրեց անկողնի տակ և սկսեց դառնագին ու անձայն հեկեկալ։
Լուսիկը երկար չէր քնում ու թաքուն հսկում էր։ Սոֆյա Պետրովնան նկատեց այդ և սառը կարգադրեց.
— Քնի՛ր։
Վախեցած աղջիկը բարակ վիզը երկարացրեց դեպի նա և վախով ու պաղատանքով հարցրեց.
— Մամա, չե՞ք գնա։
— Ո՛չ,— եղավ պատասխանը։ Սոֆյա Պետրովնայի ձայնը հնչեց հրամայական և հեղինակավոր շեշտով։ Լուսիկը հասկացավ ու հանգստացավ։
Երեխաները քնեցին։
Դեպքը պատահեց հետևյալ օրն իսկ։
Ռուբենը գործի էր գնացել։ Սովորական մռայլ տրամադրությամբ շարում էր պատը՝ կիսաձայն կարգադրելով օգնականներին, որ քար ու շաղախ տան։ Հիշեց նախընթաց երեկոյի դեպքը և բարկացավ Սոֆյա Պետրովնայի վրա, որ չի հասկանում իրեն։ Չէ որ ինքը դժբախտ է, զոհ է մի դուրս ընկած կնոջ, որը երեք երեխայի հոգսը գցելով իր շլինքը՝ լքել գնացել է։ Վերջապես մի՞թե իր հոգսը հերիք չէ, որ ավելին ևս դնում են վրան։ Կշտամբեց մտքում, կինը հաշվի չի առնում այդ բանը։
— Էհ,— շշնջաց բարձր ու քարը սեղմեց պատի շաղախի վրա, սեղմեց դառնորեն, ինչպես իր տաժանելի ճակատագրի վրա կսեղմեր տանջված ձեռքերով։
— Վարպետ, լսո՞ւմ ես, քեզ են կանչում,— արթնացրեց նրան աշակերտը։
— Ո՞վ, ի՞նչ է,— վրա ընկավ Ռուբենը։
— Ներքևից են կանչում, ա՜յ, էն պառավը։
Ռուբենը ցած նայեց։ Հարևան կինն էր։ Նրա դեմքը ժպտուն թվաց։ Ռուբենը վար իջավ։ Երբ մոտեցավ կնոջը, սա խնամքով գլխի շալը ուղղեց և մոտ գալով արագ՝ փսփսաց.
— Գնանք տուն, Սոֆին խեղդվել է․․․
Կարծես վաղուց էին ասել իրեն այդ բանը, այնքան խորը խոցեց նրան այդ լուրը։
Մինչ բանվորները կխմբվեին, հարցուփորձ կանեին՝ Ռուբենը վազեց տուն։
Բակի կենողները խորը նայեցին նրան և ճանապարհ տվին, որ ներս մտնի։ Սենյակում երեխաները լաց էին լինում բարձրաձայն։
— Ո՞ւր է, ի՞նչ է,— վրա ընկավ Ռուբենը։
— Հիվանդանոց են տարել... Ձորումն է պատահել,— ասաց հարևան կնիկը, որը մինչև այդ չէր խոսել։
Ռուբենը վազեց հիվանդանոց՝ երեխաների ճիչն ականջների մեջ։
Երբ մտավ դիարանը՝ սեղանի վրա հանդիսավոր պառկած էր ցավագար կինը։ Նա չէր փոխվել, մի փոքր միայն լցվել էր. շուտ էին հանել ջրից։ Վեհորեն հանգիստ էր նա և դեմքին մի քնքուշ կուսական ժպիտ ուներ, մանկական այն թարմությամբ, որ միշտ բնորոշ էր այդ բարի, հանելուկային էակին։ Դա այն կոտրած ժպիտն էր, որով վերջին անգամ երեխաների շրջանում պարեց։ Որսած թռչունի պաղած աչքերը կիսափակ նայում էին ոչ ոքի և նայում անկշտամբ՝ ինչպես որ նայել գիտեր նա։
***
Խեղդվածին թաղեցին պարզ և լարված լռությամբ։ Դագաղի հետևից գնում էին Ռուբենը, հարևան կնիկը և Լուսիկը։ Հետևից շարժվում էին Ռուբենի ընկերները և խաղաղ հայացքներով պատահական մարդիկ, որոնք ինչ-որ անհասկանալի համակրանք են տածում դեպի մեռնողները։
Ահավոր երեկո եղավ այդ օրը։
Փոքրիկը չէր ուզում պառկել քնելու։ Պահանջում էր «մորը»։ Նրան բռնի հանվեցրին և դրին անկողին, բայց նա վեր էր թռչում տեղից և գոռում էր.
— Մաման գա, մաման գա...
Հարևան կնիկը, որ եկել էր օգնելու Ռուբենին՝ գուրգուրում էր և Լուսիկի օգնությամբ համոզում էր փոքրիկին քնել.
— Քնի, բալա ջան, կգա։
Բայց փոքրիկը վախեցած և բնազդով ինչ-որ մի չար բան զգալով՝ դողահար ու բարձր ճչում էր.
— Մաման գա, մաման գա...
Ռուբենը դուրս փախավ փողոց։ Քաղաքի աղմուկը, սակայն, չէր կարողանում խլացնել նրա հոգու մեջ սարսափելի երեխայի կշտամբող ձայնը. «մաման գա»։
Հարցաքննության ժամանակ Ռուբենն առաջին անգամ կյանքում զգաց մարդկային հայացքի ծանրությունը։ Հասարակական հարցաքննողի, որը Ռուբենից խստորեն պահանջում էր դժբախտ կնոջ արդարությունը։ Ռուբենը խոստովանեց լիովին, որ ինքն էր դժբախտության պատճառը։ Ծանր խոսքեր ասաց իր հասցեին։ Պատմեց ամբողջ դժբախտ դեպքը։ Մեջընդմեջ թելը կորցնում՝ շոշափում էր իր դժբախտ սիրո պատմությունը...
Հայացքը, հարցաքննողի խորաթափանց, կշտամբող հայացքը նայում էր նրա հոգու խորքը։
Ինչ ուժեղ էր եղել կաղ կինն այս հարցաքննողի հայացքում։ Ռուբենը քանի գնում՝ իր առջև տեսնում էր մի ահավոր անդունդ, որ առաջ կարծել էր մի հասարակ փոս։
— Ոչ, ընկեր, դուք այնքան եք տարվել ձեր անձնական սիրո խնդրով, որ չեք նկատել... Ձեզ եմ հարցնում, քի՞չ էր ձեզ համար այն կնոջ գործը, որ հասարակության համար պիտանի մարդիկ էր կրթում... Դուք հարվածային եք, պետք է հասկանայիք այս...
Երբ Ռուբենը վերադարձավ տուն՝ երեխաները լուռ նստած սպասում էին դատարկված սենյակում։ Անխոս ինքը ևս նստեց։ Եվ ըստ սովորության սկսեց սպասել։ Ո՞ւմ... նա չէր գալու այլևս։ Երբեք։ Միայն սենյակում դեռ մնացել էր նրա խնամոտ ձեռների դրոշմը։ Դեռ անկյուններում իրեր կային, որ չէին աղարտել իրենց դիրքը։ Միայն դրանց մեջ էր մնացել նա։ Ռուբենը նայեց շուրջը, նայեց բոլոր առարկաներին և նոր տեսավ, թե նրանք ինչ մանրակրկիտ ձևով էին դարսվել իրենց տեղերում։ Նոր սկսեց տեսնել այդ պատահական, իսկապես անծանոթ էակին և նոր սիրեց նրան։ Եվ սիրահարի խանդաղատանքով նա բաց արեց պահարանը, սկսեց խառնել ցավագարի դարսած սպիտակեղենը։ Ահա Լուսիկի շապիկը, ամենամանր տեղերն անգամ ջանադիր կարկատած։ Ահա Պետիկի թաշկինակը անկյունածալ, հատուկ ձևով հարդուկած։
Անսահման սեր կար այդ ամենի մեջ։ Ահա և նրա անձնական արկղիկը։ Մի քանի իրեր հասարակ, պարզ, աղքատիկ, բայց հիմա նվիրական։ Ռուբենի մոլոր մատների մեջ շրջանակվեց մի համեստ լուսանկար։ Դա նա ինքն էր՝ մի փոքր ավելի վաղ հանված։ Այստեղ նա իսկական աղջիկ էր՝ մանկադեմ՝ պայծառ ժպիտով։ Մի փոքրիկ չորացած ծաղիկ սպիտակ թելով կապվել, փարվել էր այդ լուսանկարին։ Ի՞նչ նշան էր այդ և ի՞նչ ծաղիկ։ Անկարելի էր այդ գուշակել, այնքան հասարակ էր նա և անգույն։
Ռուբենը դողդոջուն շուրթերը հպեց լուսանկարին ու ծաղկին։ Լաց եղավ։
Հետո խորտակված վար իջեցրեց ձեռը՝ մատներում լուսանկարը սեղմած։
Մեծ գիշերը հոսել սկսեց։
Երեխաները քնած էին շորերով, բաց։ Ռուբենը մտածել սկսեց։ Նրա հոգու առջևով եկան անցան վարպետ Սերոբը, իր հարվածային ընկերները, քննիչը, հարևան կնիկը, իր երեխաները, հանգուցյալը, միլիոնավոր մարդիկ։
Մի զորեղ սեր, զորեղ ավելի քան ամեն ինչ աշխարհիս երեսին՝ կանչում էր նրան դեպի նոր կյանքը։
Գնալ, աշխատել նրանց երջանկության համար։
Get all the stories you need-to-know to your inbox.