«Մի կյանքի պատմությունը» հայ արձակագիր Ստեփան Զորյանի ինքնակենսագրական վեպն է, որի առաջին գիրքը տպագրվել է 1934 թվականին, երկրորդը՝ 1939-ինˋ նախքան պատերազմը։ Վեպը սկսում է քնարական մի մենախոսությամբ, ուր Զորյանը ակնարկում է իր պատումի ինքնակենսագրական բնույթը։ «Մի կյանքի պատմությունը» մի երեխայի՝ Սուրենի և նրա աղքատ ընտանիքի մասին է։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի մարդ և ուսումը շարունակի Թիֆլիսում։ Գիրքը պատմում էր կյանքի փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Թիֆլիս գնալիս նա ճանապարհին ընկերանում է մի տղայի՝ Տիգրանի հետ։ Ուսանելու ողջ ընթացքում այդ տղան ուղեկից է դառնում նրան։ Սկզբում նա Թիֆլիսում մնում է իր բարեկամ քեռի Շամիրի տանը, իսկ հետո իր ընկերոջ հետ բնակարան է վարձակալում։ Նրանք պարապում են տանտիրոջ երեխաների հետ, որպեսզի վճարեն տան և ուսման վարձերը։ Տիգրանը ընդունվում է Ներսիսյան դպրոց, իսկ Սուրենը փնտրում է այլ աշխատանքներ, և որոշ ժամանակ անց բացահայտում իր համար նոր զբաղմունք՝ գրելը։