ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԻՍԿԱՊԵՍ, Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ ՔԱՂՔԵՆԻ

Image

Եթե շատ հեռվից սկսելու լինենք, օրինակ, Աստվածաշնչից, ապա քաղքենիության առաջին ցայտուն դրսևորումը Աբրահամի կնոջը՝ Սառային պիտի վերագրենք:

Տիրոջ «շնորհիվ» Իսահակի լույս աշխարհ գալուց հետո, սույն տիկինը երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ և խեղճ զառամյալին, հարյուրամյա Աբրահամին դժվար կացության առջև կանգնեցրեց. «Աղախին Հագարի որդին իմ Իսահակի հետ ժառանգ չպիտի լինի։ Վռնդիր նրան իր աղախին մոր հետ» (Գիրք Ծննդոց, Գլուխ ԻԱ):

Հետագայում, բարձր ոլորտներում, հարկավ, տհաճ միջադեպը հարթվեց, բայց արդեն սաղմնավորվել էր մարդկային հասարակության խոցերից մեկը:

Դարեր անցան: Ստրուկները զրկվեցին անուն կրելու իրավունքից անգամ: Ճորտերին մի փոքր «ընդառաջեցին» ու սահմանափակեցին հենց այնպես, քեֆի համար նրանց կոտորելու արատավոր պրակտիկան: Ասպետներն արյան ու արցունքի գետեր թափեցին ինչ-ինչ մազափնջերի համար: Հերարձակ հավերժահարսերը՝ գերեզմաններին գլխահակ, դարձան բուրժուազիայի կուռքը: Եվ մեկեն հարստացած փերեզակը հաճույքի համար որս անող ազնվականի զույգ աչքը հանելու միտումով եղջերվի եղջյուրներ փակցրեց նախասենյակում։ Այդ եղջույրները կարող էին նաև գիպսից լինել, քանի որ իսկականը ձեռք բերելը հեշտ չէ, ամեն մարդու բան չէ, բացի այդ, ավելի թանկ արժե...

ՔԱՂՔԵՆԻՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաղքենի (2) լինելը, քաղքենիների (2) դասը: 2. Քաղքենիի (4) յատկութիւնը՝ աշխարհայեացքը և սրա արտայայտութիւնը կեանքի մեջ... 3. Կենցաղային սահմանափակութիւն, հասարակական հայեացքների և շահերի անձուկ լինելը: (Ս. ՄԱԼԽԱՍՅԱՆ, Հայերեն բացատրական բառարան, 4-րդ հատոր, էջ 542)

Մեծարգո գիտնականը, ինչ խոսք, ծավալվելու հնարավորություն չուներ, ոչ էլ նպատակ: Եվ ընդհանրապես, բոլոր բառարաններում (բացատրական, հանրագիտական, փիլիսոփայական և այլն) թռուցիկ և ոչ սպառիչ բացատրություններ ենք գտնում հրեշի մասին: Մի կողմից թերևս վախեցել են գիտնականները՝ մանրակրկիտ վերլուծությունից հետո, ով գիտե, որչափ անողոք կլինի հայելին, և «...սատանան իրենց հետ», մյուս կողմից էլ՝ դժվար բնորոշվող հասկացություն է:

Արմատները խոր խրված հողի մեջ, դեռ բյուր մազարմատները չհաշված: Տեղահան անելը հեշտ չէ: Ո՛չ հասարակարգ շրջող հեղափոխություն, ո՛չ տիեզերական դարաշրջանի այգաբաց, ոչի՛նչ: Սերունդները փոխարինում են միմյանց, քարե մուրճը դառնում է սինքրոֆազոտրոն, իսկ Սառայի ուրվականը դեգերում է դեռ: Հին Հռոմի տոհմիկ արհամարհանքից միջնադարի մետաքսե թաշկինակները, այստեղից մեր դարասկզբի չառլստոնային դողէրոցքը, այստեղից էլ մինչև մեր օրերը, մինչև ոմն Վարդանուշ Ամբակումովնա, ձգվում է մի անտեսանելի, աննյութ պարան, որից կախկխված են քաղքենիության ժանեկազարդ ցնցոտիները:

Այո՛, արմատախիլ անելը հեշտ չէ, փոթորիկներն էլ են անուժ, քանի որ մրրիկը նավ կխորտակի, կաղնի կգետնի, բայց մացառը կմնա իր տեղում, փտած, մգլած ցանկապատը, կճռճռա, կճռճռա ու... կմնա:

 

Եվ այդպես, ճռճռաց, ճռճռաց ու մնաց:

«Ավրորայի» համազարկերից հետո էլ մնաց ու դարձավ սովետական քաղքենիություն: Ասում են, թե վերջինիս արշալույսը ՆԷՊ-ն է եղել իր գրամոֆոններով, հասակի կարգով շարված փղիկների ժառանգական յոթնյակով, «դաժան» ռոմանսներով, ծոպքերի պապական պաշտամունքով (ծոպքեր՝ վարագույրի, հագուստի, քանդակի, անգամ դագաղի վրա) և այլն:

Ասում են, և դա չէ կարևորը: Ծագումնաբանությամբ զբաղվելը ներկա խնդիր չէ, մանավանդ որ անչափ ազատ գտնվեցինք նախամոր հասցեն Աստվածաշնչում փնտրելով: Էականը թունավորված ջրհորից չխմելն է, ոչ թե վաղեմությունը կորցրած հանցագործության հետքերը փնտրելը:

Էականը անողոք պայքարն է, ամենօրյա և անհաշտ պայքարը: Մեծում և փոքրում: Քաղքենիության դեմ պայքարը յուրաքանչյուր սերնդի բարոյական նկարագրի առաջին չափանիշն է, ծանրաչափն է, որովհետև սերնդի դիմանկարը ոչինչ այնպես չի աղճատում, ինչպես սա: Երեսպաշտությունը, կեղծավորությունը, եսամոլությունը, սպասավորական քծնանքը փոքր-ինչ ուժեղի և ֆելդֆեբելական քամահրանքը փոքր-ինչ թույլի նկատմամբ քաղքենիության պալարներն են: Դժվար է պատկերացնել առավել քողարկված, սուսուփուս և տակետակ երևույթ: Քաղքենին հայրենասեր լինել չի կարող, ինտերնացիոնալիստ՝ առավել ևս, նա գերազանց կրթություն կարող է ստացած լինել, դոկտորի աստիճան ունենալ, բայց իր ժողովրդին օգուտ չտալ, որովհետև օգուտը նրա համար նախ և առաջ ցանկապատային իմաստ ունի: Քաղքենին մարդասեր չի կարող լինել, և բարությունն ու ազնվությունը նրա համար սոսկ հնչուն բառեր են, լավագույն դեպքում՝ շպար:

Ճահիճն ամենաճիշտ բնորոշումն է: Իրոք, եթե խրվեցիր, էլ դուրս չես գա: Առաջին քայլն էլ չպետք է անել, որովհետև երկրորդն ինքնըստինքյան կարվի. քաղքենիության շունչը թմրեցնող է, թվացյալ ապահովության և անխոցելիության նրա որոգայթներն ամենահավանական ու միակ ոտնատեղերն են թվում: Եվ եթե արվում է առաջին քայլը, ապա ճահիճը չորացնելու համար թող լինի: Բոլոր նրանք, ովքեր առաջադիմության ճշմարիտ բարեկամներ են գտնում իրենց, գիտակցական կյանքի առաջին իսկ օրերից երդում պիտի ընդունեն՝ քաղքենիության դեմ պայքարել այնպես, ինչպես ամենայն վարակի դեմ: Իսկ պայքարելը դժվար է:

Ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմում բազմաթիվ մանրէներ կան, որոնք նպաստավոր պայմանների են սպասում՝ գլուխ բարձրացնելու համար, այնպես էլ ամեն մի մարդու մեջ ամուր նստած է քաղքենիության բացիլը, որի առավել կամ նվազ դրսևորումը կախված է հենց այդ անհատականության դիմադրողականությունից: Ահա թե ինչու պայքարը շատ ավելի ինքնաստուգման, ինքնաքննության բնույթ պիտի կրի: Որքան էլ թմրեցնող լինի քաղքենիության շունչը, այդուհանդերձ, ախտից հեռու կանգնած մարդը, հատկապես երիտասարդ մարդը, հիանալի է զգում մաքուր օդի գինը, ազատության, անկախության անփոխարինելիությունը, ճղճիմության, մանր-մունրի լպրծուն ոստայնները չեն փակչում նրա ձեռքերին, ոտքերին, գլխին, չեն կապկպում... Նա լավ զանազանում է թռիչքն անձուկից, ծիծաղը սարքովի կչկչոցից, լացը կոկորդիլոսի արտասուքից, բացսրտությունը պատյանից, դաստիարակվածությունը կեղծ բարեպաշտությունից, քաղաքակրթությունը «էտիկետ» կոչեցյալից: Նրա համար անհնար, աներևակայելի է երկրորդը: Նա ապրում և մեռնում է առաջինի դրոշակի տակ, հանուն առաջինի:

Իսկ ո՞վ է քաղքենին, վերջապես:

Վիրավորական այդ բնորոշումը հաճախ շպրտվում է հենց այնպես, ցանկացած առիթով, այն էլ գերազանցապես կանանց ու աղջիկների հասցեին: Բարձրաձայն մեղադրում ենք՝ «մեշչա՜նկա», թեև աստված ազատի քաղքենի տղամարդուց:

Եվ այսպես, ո՞վ է քաղքենին, ո՞րն է նրա «պրոֆիլն ու անֆասը» և քանի՞ փամփուշտ ունի նա իր փամփշտակալում։

 

ՔԱՂՔԵՆԻՆ ընչաքաղց է ու սնափառ:

Բոլոր ժամանակներում նրա համար շարժիչ ուժ է եղել ինչքը, առաջնահերթ նպատակ՝ գոնե կոշկի գույնով տարբերվել մյուսներից:

...Նրա հողը կես դեսյատին ավելի է, իմը ջրին մոտ, նրանց գերդաստանում փոխգնդապետ կա, մերում՝ չէ, նա ամռանը մեկ ամառանոց գնաց, ես երկու, նրանց հարսը բարձրահասակ չէ, մերը հա՛, ես «Գրունդիգ» ունեմ, նա չէ...

Մասնավոր սեփականությունը վերացնելու և չոր տախտակին քնելու մասին չէ խոսքը, մարդի՛կ, լյումպեն-պրոլետարական կենցաղի դրվատումը չէ մեր նպատակը, բարի՛ մարդիկ: Հիսունմեկ տարի շարունակ արյուն-քրտինք է թափվել, որպեսզի սովետական մարդը լավ ապրի, այո՛, նաև շռայլ ապրի, ոտք մեկնի յուրաքանչյուր երկար ոտք և երկար լեզու ունեցողի հետ: Բայց գերմանական դաշնամուր գնելը մի դարձրեք երևույթ, պարուսինե կամ ցելոֆանե պատյաններ մի կարեք կահույքի համար և ծխախոտը մեկ-մեկ էլ բյուրեղապակյա մոխրամանի մեջ հանգցրեք, ոչ թե պահածոյի շրջած կափարիչի: Ելից-մտից մատյան մի սարքեք ձեր ուղեղը և, ձեր ձեռքերը թող չդողան դրամ հաշվելիս: Հիշեցեք տարաբախտ Կորեյկոյին և «սովետական ընդհատակյա միլիոնատեր» մի կարծեք ձեզ. Օստապ Բենդերի քաջությունը ունեցեք բացականչելու՝ «Ինձնից կոմս Մոնթե-Քրիստո դուրս չեկավ» և ձեր ազատությունը մի վաճառեք երկու կտոր փայլուն մետաղով: Անհիմն գլուխգովանության միջանցիկ քամիներ մի սարքեք ձեր հավաքույթներին ու «անկեղծ» զրույցներին և այն, որ այսինչ-այնինչիչը... ինչ որ տեղում... մեր մեջ մնա... մեծ գործի է, հավատացնում եմ, դեռ ոչինչ չի նշանակում և նրա ի միջի այլոց ուշադրությանն արժանանալիս յոթերորդ երանություն մի ապրեք։

Քաղքենին հյուրասե՜ր ու առատաձե՜ռն է միաժամանակ։

Մանր եղջերավոր անասուններ կմորթի, փետրավոր ու թեփուկավոր չի խնայի, վաճառքում եղած-չեղածը սեղանին կդնի, բայց նայած ո՜ւմ համար։ Նա անհամբեր կսպասի, թե «արժանավորները» երբ պիտի բազմեն արարվող սեղանի շուրջ և երբ պիտի սկսեն կտրատել ուռեցրած գովասանքների արժեթղթերը։ Տանտիրոջը՝ շեն ու լի օջախի համար, հյուրին՝ տիեզերական բարեմասնությունների համար, տանտիկնոջը՝ շնորհքի համար, տղային՝ հոր կտորը, աղջկան՝ մոր կտորը լինելու համար (ցարական Ռուսաստանում «քաղքենի» կոչումը ժառանգական էր և անցնում էր որդիներին.- Ա. Հ.)։ Իսկ հաջորդ օրը գյուղից եկած հարազատը (մի քիչ ձախորդ) պիտի քչփորի երեկվա թերմացքն ու անուշ անի շշից շիշ դատարկված խառնահամ օղին:

Իմ կարծիքով, հատկապես հյուրասիրությունների ժամանակ քաղքենի տանտերը դողը սրտում սպասում է բյուրեղապակյա առաջին գավաթի ջարդվելուն: Այդ գավաթն անպայման պիտի ջարդվի, որպեսզի բոլորը ողբան առ «սերվիզ» և որպեսզի տանտերը նվացող ցավը կոծկելով կրկնի անիծյալ «չարը խափանեց»-ը և «մեկն էլ ջարդի»-ն: Ինչո՞ւ... Հյուրերի ցրվելուց հետո, վստահ եղեք, յուրաքանչյուրն իր արժանին ստանալու է:

Նա արքայավայել նվեր կարող է գնել, որ սերնդեսերունդ հիշվի: Նա փարավոնի դամբարան կարող է կառուցել բավականաչափ անհայտ ու անվաստակ իր հարազատի համար ու վրան փորագրել տալ՝ այսինչից: Հազարներ «նստող» այդ տոնախմբությունների, նվերների ու դամբարանների հեղինակը, այնուամենայնիվ՝ կարող է գիշերվա ուշ ժամին էլեկտրական հաշվիչի հերն անիծել մեկ-երկու կոպեկի համար և օրերով տառապել ստամոքսի խանգարումից, սառնարանի պուճախում պատսպարած երշիկի գրանիտը ծամելու հետևանքով: Նա խնայո՜ղ է, տնտեսվա՜ր: Նա տնտեսում է փոքր բաներում, իրեն զրկում, հանուն ուրիշների:

Եվ քաղքենին անկարող է առանց «մենք»-ի ապրել:

Եթե հանկարծ կրծքանշան կամ գերբ պատվիրեին ինձ քաղքենիական արդի դասի համար, նկարչական իմ համեստ ունակություններով կնկարեի ցանկապատ, ձեռքերը համապատասխանաբար ցանկապատին ու գոտկատեղին դրած մի գեր մարմին և տակը կգրեի՝ մենք...

...Մենք ուրիշի վատը չենք ուզում:

...Մենք սև հաց չենք ուտում:

...Մենք ազնիվ ենք, հաշիվ պահել չգիտենք:

...Մեր աչքը կուշտ է:

...Մեր ցեղում հանցագործ, հարբեցող կամ բաժանված չկա:

...Մենք տրամվայ չենք նստում:

Եվ այս սրտաբաց խոստովանություններից հուզված, տրամադրող նման հայտերից քնքշացած, մի բաժակ սուրճի կամ գինու վրա ձեր սիրտը մի բացեք «մենք»-ի առջև, միամի՜տ մահկանացուներ: Մեկ ուրիշի անձնականը քրքրելու, կողմնակի մարդու ներքինը վարել-ցանելու տենդը քաղքենու հազվագյուտ բավականություններից մեկն է: Բամբասանքի այդ ինկուբացիայից նա համարյա նույն հաճույքն է ստանում, ինչ դուք, ասենք, մի լավ գրքից, կինոնկարից, երգից, հաջող գործից:

Հենց այդ «մենք»-ից էլ ելնում է քաղքենու նկարագիրը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գերակըշռությամբ. նա միայն իր իրավունքների տերն է, պարտականությունները միշտ ուրիշինն են:

...«Մենք» ոչ թե աշխատանքի իրավունք ունենք, այլ հարմար, հեշտ ու եկամտաբեր աշխատավայրի իրավունք: «Մենք» հանգստի իրավունք էլ ունենք, և եթե դա վաստակած հանգիստ չէ, ապա թող քո սիրտը չցավի: «Մենք» պետք է օգտվենք կրթության իրավունքից ևս, այն էլ անառարկելիորեն: Երիտասարդ քաղքենին կամ քաղքենուհին անպայման պիտի բարձրագույն կրթություն ստանան, այլ կերպ չեն պատկերացնում նրա ծնողները: Նրանց մեջ գլուխ է բարձրացնում հենց այն փերեզակի նախանձը, որ եղջյուրներով աչք էր հանում: «Մենք»-ի ստվերը մթագնում է նրանց ուղեղը. ուրեմն, մե՜նք... և հանկարծ չընդունվի՞, չավարտի՞: Եվ ի՜նչ վայնասուն է բարձրանում անհաջողության դեպքում՝ բոլոր դասախոսները կաշառակեր են, կրթության դրվածքը պիտի փոխել, մեր երկրում արդարություն չկա:

Իսկ մեր մեծահոգի և համբերատար երկրի թերթերն ամեն օր աշխատանքի հրավերներ են տպագրում.

վաճառողներ, մատուցողներ, ինժեներներ, մեքենագրուհիներ, տնտեսագետներ, բանվորներ, բետոնագործներ (հիշողությանս մեջ միայն վերջինների աշխատավարձն է մնացել՝ 160-180 ռուբլի):

Չէ՛, բետոնագործություն թող ուրիշներն անեն, մենք...

Այդպիսի մի թերմաշ օր ու գիշեր ախուվախ կարող է անել վասն Ամերիկա, մեյդ ին Ամերիկա... Բայց գիտե՞ նա, որ իր հասակակիցներն այնտեղ աման լվանալու և բեռնակրություն անելու համար հերթ են կանգնում: Ասածս այն չէ, թե Ամերիկայում երիտասարդությունը հիմնականում զբաղված է կոշիկ մաքրելով: Աշխատանքի նկատմամբ մեզ մոտ աստիճանաբար որակ է կազմում աղայական վերաբերմունքը, և իրավակարգի ընձեռած հնարավորությունները հակառակ սայրով սպառնում են հասարակության բնականոն զարգացման հաշվեկշռին: Բոլորը բժիշկ պիտի դառնան, ինժեներ կամ բանասեր:

Իսկ կճուճներն ո՞վ է թրծելու, հողն ո՞վ է մշակելու:

Չէ՛, կճուճները գնա դու թրծիր, մաճն էլ ինքդ բռնիր, մենք չենք կարող, որտեղ քոնը կասես, այնտեղ էլ մերն ասա:

Բայց քաղքենին բարոյախո՜ս էլ է...

Այն, ինչ հատուկ չէ իրեն, ինչ ծանոթ ու շահեկան չէ, արգահատելի է: Եվ ինչպե՜ս կարող է նա քարոզել:

Եթե ավելի շատ ճանապարհորդության ու հաճելի ժամանցի մասին եք մտածում, քան «տյուլպանի», ուրեմն հիմար եք և մարդ դուրս չի գա ձեզնից: Եթե մերժել եք ասպիրանտուրան, որովհետև գիտեք, որ գիտական ջիղ չունեք, ուրեմն լիակատար ապուշ եք: Եթե գյուղում եք աշխատում, ապա ձախորդփանոսությունը ձեր հորն էլ էր հատուկ:

Քաղքենու բարոյախոսությունն ու խրատամոլությունը մեծ ու փոքր խնդիրներ չգիտե: Նա կարող է դատողություններ անել հրթիռային տեխնիկայի զարգացման անիմաստության շուրջ և գանակոծել մորուք պահողներին: Այն, որ ինքը, իր հայրը կամ պապն ավելի երկար ու անխնամ բուսականություն էր թողնում դեմքին, ոչինչ...

Մեկը կարճատես է, բայց որովհետև լույսն էլ է ազդում աչքերի վրա, կրում է գունավոր, օպտիկական ակնոց: Գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ: Եվ ինչե՞ր է կրում խեղճը, քանի-քանի անգամ են գցում նրա տրամադրությունը անպատեհ խորհուրդներ, տափակ «սրամտություններ»: «Գիշերն արև չկա, ինչո՞ւ ես ակնոցներ հագել»: Ի՞նչ եք ասում, ուրեմըն, իրո՞ք, գիշերն արև չկա:

Կինը ծխում է: Երիտասարդ կինն է ծխում կամ աղջիկը (ես նկատի ունեմ ծխողներին): Ուրեմն, ոչ ավելի, ոչ պակաս... է: Կինը կարող է տղամարդուն հավասար, դեռ մի քիչ էլ ավելի գործ անել, առավոտից երեկո խոսում ենք իրավահավասարության և այլնի մասին, բայց եթե կնոջ համար ծխելը նույնպիսի անհրաժեշտություն է (թեկուզև վնասակար անհրաժեշտություն), ինչպես իմ, քո, նրա համար, այստեղ քաղքենին բացում է իր երախը։

Քաղքենին բաց պատուհան չի սիրում, առավել ևս՝ դուռ: Միջնադարյան ամրոցի նիգեր ու լինգեր, խորամանկ փակեր ու սողնակներ, բանտային «աչքեր»: Ո՞վ է զանգը տալիս՝ հրճվե՞մ, կես-բերան ժպտա՞մ, թե՝ հիվանդ ձևանամ: Եվ բացի այդ ու ամենակարևորը՝ ո՞վ եկավ հարևանի տուն:

Անծանոթ տուն, կամ հենց ձեր սեփական տունը մտնելիս առաջին ուշադրությունը դռանը դարձրեք, նա ձեզ շատ բան կպատմի տանտիրոջ մասին:

Եվ, քաղքենին...

ԱՅՍՊԵՍ կարելի է անընդհատ շարունակել:

Քաղքենին օտարամոլ է և նախանձ, նվնվացող է ու հավերժ դժգոհ, անսխալական է և այլն: Քաղքենու փամփշտակալը լիքն է ցանկացած տրամաչափի փամփուշտներով, որ ժառանգել է նա դարերի խորքից: Արծաթով ու թանկարժեք քարերով ընդելուզված, դրվագված, ամուր և հուսալի փամփշտակալներ, որոնք նրա կուրծքը վանդակել են խաչաձև: Եվ նա կրակում է: Նրա զոհերը չեն մահանում, այլ վարակվում են մի ախտով, որը ցանկանում եմ ձեզ ներկայացնել ուժերս ներածին չափ:

Բայց եկեք քաղքենուն չպատկերացնենք որպես տարիքն առած, շրթունքները վառ քսած ու «Կրասնայա Մոսկվայով» օծված տիկին կամ ոսկեշապիկ ատամները քչփորող, կուշտ ու տհաճ ծիծաղող այր:

Նա կարող է ամենաժամանակակից արտաքինն ունենալ (մորուքի, մինիի, շալվարի առումով) և ամենաբարձրագույն կրթությունը (փաստաթղթերով): Այնպես որ փամփշտակալը կարող է կատարելագործված լինել ու ձեռք բերել «տրանզիստորային», «էլեկտրոնային» կամ «կիբեռնետիկական» երանգավորում: Որքա՜ն ժամանակակից...

Ինչ էլ լինի, ինքնուրույնությունից զրկված մարդ է նա առաջին հերթին, որ դատում ու ապրում է չափած-ձևած, «ի վերուստ» տրված կանոններով: Նրա ուղեղը կաղապարված է «սա ինձ պետք է, սա՝ ոչ, սա ինձ օգուտ կտա, սա՝ ոչ» փշալարեթի երեքտակ ցանցով: Նա զուրկ է մտածողության ազատությունից և ինքնուրույնությունից: Զգացմունքի ազատությունից և ինքնուրույնությունից: Նա նույնիսկ կարող է պահանջել, որ իրեն համբուրեն այնպես, ինչպես կինոյում են համբուրում: Նրանք տատանումներ ու երկմտություններ չունեն, փնտրող ու քննող միտքը նրանց լքել է առաջին կարկանդակն ուտելիս, որովհետև գերեվարվել են սոսկ շաքարի փոշով ծածկված ու հեշտ ծամվող փափկությանը: Նրանք խղճի խայթ չեն զգում և հոգեկան տառապանքներ չունեն, երջանիկ են իրենց կուշտ փորով և լի զգեստապահարանով: Մեկը կարող է երկու տասնյակ կոստյում ունենալ, բայց սա դեռ քաղքենիության բաղկացուցիչ չէ: Նա սիրում է լավ հագնվել և այդ կոստյումները ծառայում են նրան: Մեկ ուրիշը երկու ձեռք քնձռոտ շորից ամբողջ «փիլիսոփայություն» կարող է սարքել իր և շրջապատի համար։ Սա՛ է ցավը։

Քաղքենին երբեք չի մերկանա ինքն իր, առավել ևս բոլորի առջև, նա իր սիրտը չի կարող պարզել ոչ մերձավորին, ոչ հարազատին, ոչ անգամ ինքն իրեն: Նա վախենում, դողում է իր իսկ կառուցած աշխարհիկի վրա... Սեփական թուլությունը միայն ուժեղ մարդիկ կարող են խոստովանել:

Ես չեմ ճանաչում Երևանի երրորդ տպարանի աշխատողներին, բայց լիովին բաժանում եմ նրանց անհանգստությունը՝ քաղքենին կրծքին ցուցանակ չի կրում, տարբերանշան չունի և հաճախ դժվար, անհնար է նրան ճանաչելն ու դեռևս ոչ մեկը հանձն չի առել այդ խոցը:

Եվ փորձելով ներկայացնել քաղքենիությունը, ավելի շատ ուշադրություն առանձնացրեցի ակնբախ, հեշտ զանազանվող դրսևորումներին, միաժամանակ ներկայացնելով նաև քաղքենիության սոցիալական հոգեբանությունը:

Մարդկային բոլոր արատները քաղքենիության «անձնական գործում» գրանցելը նույնպիսի մի սխալ է, ինչպես «բոլոր մարդիկ եղբայրներ են» հրեշտակաբանությունը: Այդպես հեշտությամբ կարելի է կորցնել բոլոր հասցեներն ու վրիպել, մանավանդ որ քաղքենիությունը վաղուց ի վեր խորամանկորեն կարողացել ու կարողանում է ճշմարտության դյուրաբեկ նետերը վանել իրենից:

Նրանց վարվելակերպի, ապրելակերպի, մտածելակերպի մեջ օրինազանցություն գտնել հեշտ չէ: Ծայրահեղն ասենք՝ քաղքենին ի վիճակի չէ մարդ սպանել, բայց նա հեշտությամբ ու քմծիծաղով մահվան դուռ կարող է հասցնել մարդուն: Իսկ դա, ինչպես հայտնի է, օրենքով չի պատժվում:

Քաղքենին վախկոտ է իր էությամբ և դա բխում է նրա հոգեբանության գլխավոր հատկանիշից՝ կույր հպատակություն ուժին: Դրամի ուժին, պաշտոնի ուժին, ֆիզիկական ուժին, հեղինակության ուժին: Կարգուկանոնին ենթարկվելը, օրինապահությունը յուրաքանչյուր կրթված մարդու պարտքն է արդարև: Խոսքն այդ մասին չէ: Քաղքենու հպատակությունը ստորաքարշության, պատվազրկության և ստրկամտության քստմնելի շաղախ է ներկայացնում: Ըմբոստացումը, ընդվզումը խորթ է նրան: Ինչ էլ լինի, նա քաշում է իր ցանկապատը, հարմարվում ցանկացած պայմանին, ընդունում ցանկացած գույնը և գոյություն քարշ տալիս, միայն թե ձմռանը տաք լինի և ամռանը՝ զով:

Այդ հպատակումը ստիպում է նրան հրաժարվել բոլոր սրբություններից, և ուժի հովանու տակ մատնոցաչափ տեղ գրավելը կյանքի գերագույն նպատակ ու իմաստ է դառնում նրա համար: Պատմությունը հարուստ է օրինակներով, և աշխարհի բոլոր մութ ուժերն առաջին հերթին քաղքենուն են ընտրում հենարան: Հենց այդպես վարվեցին ֆաշիստական պարագլուխները, քաղաքակիրթ մարդկության վրա արձակելով խանութպանների, գործակալ-միջնորդների, եֆրեյտորների, ինտելիգենտ-բյուրգերների խոստումներով շլացած ու հրապուրված ոհմակը: Հենց կույր հպատակությունը երրորդ ռայխին նրանց ստիպել տվեց նորածիններ կոտորել, մարդկային մաշկից լուսամփոփներ օգտագործել և կախաղաններին ճոճվող փայտացած մարմինների մոտ լուսանկարվել ընտանեկան ալբոմների համար: Այդ նրանք էին, որ արգավանդ հող գտան ոտքերի տակ և վերջ ի վերջո բացահայտվելու անսահմանափակ հնարավորություն: Ու գարեջրավաճառները դարձան ազգերի ճակատագրի դատավորներ, արվեստը գնահատողներ, բուժակին իրավունք տրվեց քարկոծել Էյնշտեյնին, իսկ Մարքսի, Տոլստոյի, Ֆեյխտվանգերի երկերի խարույկներ իրականացնողները փաստորեն այրում էին Գիրքը՝ իրենց երդվյալ թշնամուն:

Գրքի նկատմամբ թշնամանքը քաղքենու մոտ առաջանում է փոքրուց՝ ինչո՞ւ են ուրիշները հուզվում, ապրումներ ունենում, տառապում, պայքարում, ո՞ւմ համար, ի՞նչ նպատակ են հետապնդում կյանքը մինչև վերջ գիտությանը, գործին նվիրած մարդիկ: Եվ նա ընդունում է այնքան, որքան պետք է իրեն առնվազն՝ ստորագրելու, հաշվետվություն կազմելու, նամակ կամ բողոք գրելու, նաև դիսերտացիան ավարտելու համար:

Այնպես որ անծանոթ կամ հենց ձեր տունը մտնելիս, գրադարակներին ևս ուշադրություն դարձրեք մարդու ձեռք դիպե՞լ է շքեղակազմ և գույնզգույն հատորներին, որովհետև ցուցամոլության հետ մեկտեղ պարզելու եք քաղքենու հոգեբանության ոչ պակաս կարևոր հատկանիշը՝ արհամարհանքը գիտելիքների նկատմամբ: Իսկ այդ արհամարհանքից մինչև գիրք այրելը, հավատացնում եմ ձեզ, մի քանի քայլ է: Նպաստավոր պայմաններ են պետք սոսկ:

Իսկ առայժմ նա իր «փիլիսոփայությունը» հիմնավորում է կենցաղի օրինակներով:

«...Դու քանի՞ տարի ես սովորել, տասնհի՞նգ: Շատ ապրես: Հիմա՞ էլ ես սովորում, շատ ես կարդում, հա՞... Աշխատավարձդ ինչքա՞ն է, հարյուր հիսո՞ւն: Բա եղա՞վ: Գործդ թող, արի ինձ համար լավ-լավ պատմություններ պատմի, ես քեզ ամսական կտամ, լավ էլ տղա ես երևում: Ինչքա՞ն ես ուզում, երե՞ք, չո՞րս...»։

«...Ի՞նչ ես գտել էդ անտեր գործարանում: Դիսերտացիա գրի, պաշտպանի: Մենք էլ կօգնենք, դասախոսություն կանես: Հեշտ-հանգիստ գործ»։

«...Այսինչյան այնինչը, որ չորս դասարան է սովորել, չի՞ ապրում, պրոֆեսորից էլ լավ չի ապրո՞ւմ: Էդ գրքերից ձեռ քաշի, դրանցից օգուտ չկա»։

Քաղքենու կաշին հաստ է: Նրա չուգունե համոզմունքներին զուր է միտք կամ սկզբունք հակադրելը: Ախր նա այնքա՜ն հանգիստ, ապահով ու անխոցելի է զգում իրեն իր նավթալինաբույր սենյակում, իր ցանկապատից ներս, իր կահույքը շոյելիս, իր դրամը տեսակավորելիս ու հաշվելիս...

«...Ի՜նչ եք ուզում ինձնից, ես ձեզ նեղություն տալի՞ս եմ»։

Իրոք, ինչ ենք ուզում մենք քաղքենուց: Թող ապրի իր համար, մինչև կոկորդը խրված ճահճի մեջ, միայն քիթը հարմարեցրած այնպես, որ այս աշխարհի քամիներից մի քիչ էլ իրեն հասնի: Թող շարունակի փորել իր խլուրդի բույնն ու երանություն ապրել արծաթով և թանկարժեք քարերով ընդելուզված-դրվագված իր փամփշտակալով:

Բայց քաղքենիության շունչը թմրեցնող է, թվացյալ ապահովության և անխոցելիության նրա որոգայթներն ամենահավանական ու միակ ոտնատեղերն են թվում:

Իսկ ոտնատեղեր են փնտրում նոր-նոր ոտքի կանգնող մարդիկ: Որևէ համոզմունք կամ սկզբունք փնտրող մարդիկ: Աշխարհի չարն ու բարին մակերեսորեն զանազանող մարդիկ: Քաղքենիությունը ցանկացած պահին ցանկացած անդորրագիրը կարող է նրանց մեկնել՝ զգացմունքի անդորրագիր, աշխարհայացքի անդորրագիր, ապրելակերպի անդորրագիր... Դրա փոխարեն փնտրողների կուրծքը նույնպես կխաչաձևի վերոհիշյալ փամփշտակալը, որից ձերբազատվելն արդեն անչափ դժվար է։

«Գարուն», 1968, թիվ 11։

Ընթացիկ

Ստացեք բոլոր կարևոր պատմությունները ձեր էլ. փոստի արկղում։