1
Վարդգես Պետրոսյանի գրքերից մեկը կոչվում է «Անավարտ դիմանկարներ»։ Հենց այս վերնագրից էլ ուզում եմ սկսել, թեև իմ խոսքը արձակագրի սոսկ երկու վիպակների մասին է, որոնցից մեկը կոչվում է «Մամա, ես արդեն մեծացել եմ»[1], մյուսը՝ «Քաղաքի կիսաբաց լուսամուտները»։
Մարդու գեղարվեստական դիմանկարն է գրականության առարկան, մնացածը ֆոն է, երկրորդ պլան, բայց և օդ ու միջավայր, գույն ու պատճառ, որ պայմանավորում է բոլորի նման ու բոլորից այնքան տարբեր մարդուն իր գեղարվեստական անհատականությամբ: Սա Վարդգես Պետրոսյանի ստեղծագործական հավատամքն է, կամ ավելի ճիշտ՝ դրա էական համամասնը:
Բայց ինչո՞ւ անավարտ: Մի՞թե իսկապես գրողն իր երկերը սոսկ ճեպանկարներ է համարում, կամ էսքիզներ կատարված առաջին գունեղ տպավորության ազդեցությամբ:
Ուրիշ է հարցը: Պետրոսյանի դիմանկարներն անավարտ չեն, ընդհակառակը, դրանք լիարյուն կերպարներ են, իսկ նրա ներկապնակը բավականաչափ հարուստ է կյանքի գույներով: Անավարտ են գեղարվեստական դիմանկարների բնորդները: Անավարտ են ոչ իրենց մեղքով, և ոչ էլ դա մեղք է: Դա ամենամեծ երջանկությունն է, որ տրվում է մարդուն կյանքում։ Այդ բնորդները երիտասարդության սեմին հասած մարդիկ են, հարաշարժ, իմանալու անհագուրդ ծարավով, աշխարհին իրենցը հայտարարելու ցանկությամբ, պրպտումների, ոգևորությունների, հուսախաբությունների ու հույսերի մեջ: Նրանք «լինում» են, «դառնում», և, իհարկե, նրանց մասին երբեք չես ասի, թե «ավարտուն» են արդեն: Պետրոսյանը գրում է տասնյոթ տարեկանների մասին: Տասնյթ տարեկան է «Մամա, ես արդեն մեծացել եմ» վիպակի հերոսը՝ Արամ Համազասպյանը, տասնյոթ է նույն Արամը «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» վիպակում, որտեղ կենտրոնականի դերերգը զիջել է Գագիկին: Բայց նա էլ ընդամենը քսաներկու տարեկան է:
Գրականագիտության մեջ շատ է արծարծվել սերունդների փոխհարաբերության հարցը, խոսվել է հակասության, անգամ անջրպետի մասին, որն իբր բաժանում է սերունդներին միմյանցից: Հիրավի, ինչի՞ց է սկսում մարդն իր գիտակցական կյանքի արևածագին։ Պետրոսյանի համար սա ելակետային հարց է, որ չի տեղավորվում երկու իրարամերժ ձևակերպումների մեջ («մարդն սկսում է մերժումից» և «մարդն սկսում հաստատումից»): Նա գիտե, որ առաջին դեպքում կյանքը պիտի կոտորակվեր սերունդների մեջ, դառնար ինչ-որ ավելի փոքր կյանքերի մեխանիկական միակցություն, որտեղ կանոնագրքերն ու համակեցության օրենքները պետք է հրատարակվեին առնվազն տասը տարին մի անգամ, հին գրքերը վառելուց հետո։ Այդպես չի կարող լինել, դա արտաբնական է: Սա հաստատվում է մարդկության ու մշակույթի պատմությամբ:
Իսկ երկրորդ դեպքում, եթե իսկապես մարդն սկսում է հաստատումից, ապա ի՞նչն է հաստատում, անցյալի ավանդո՞ւյթը, նախկին սերնդի կյա՞նքը: Բայց այդ դեպքում որտե՞ղ մնաց առաջընթացը, մի՞թե կյանքը քարացավ, մի՞թե որդին պատճենավորեց հորը: Այդպես էլ չի կարող լինել: Սա ևս հաստատվում է մարդկության ու մշակույթի պատմությամբ։
Ուրեմն մնում է պարզել ժխտման ու հաստատման օբյեկտները։ Ինչ-որ չափով այս հարցի մեջ է սերունդների «վեճը», որ, իհարկե, կա:
Ի՞նչն է ժխտում Վ. Պետրոսյանի տասնյոթ տարեկան Արամը «Մամա, ես արդեն մեծացել եմ» վիպակում և ի՞նչն է հաստատում անցյալի ավանդույթից: Ինչի՞ համար է ապրում մարդը, ահա կենտրոնական հարցը Վահեի, Արամի, Արփիկի, Բելայի և բոլոր մյուս տասնյոթ տարեկանների համար: Սա կշռաքարն է, որով նրանք պիտի կշռեն ոչ իրենց, այլ անմիջական նախորդների կյանքը, քանի որ սեփականը դեռևս շրջափակված է աշակերտական ընկերասիրությամբ, մեծերի սենտենցիաներով՝ բարության, ազնվության, հայրենասիրության ու մարդկային այլ առաքինությունների մասին:
Եվ այդ կշռաչափը նրանց աչքում «հրաշքով» փոխում է մարդկանց: Սկսվում է կյանքի իսկական իմացությունը, սկսվում է հեղինակությունների վերագնահատման բարդ, իսկ երբեմն նաև տանջալից մի պրոցես:
Արամը սիրել է հորը, հավատացել է, և ոչ միայն այն պատճառով, որ յուրաքանչյուր երեխայի համար իր ծնողներն աշխարհի ամենալավ մարդիկ են։ Նա հոր մեջ սիրել է Հայրենական պատերազմի մասնակցին, հետագայի տաղանդավոր երկրաբանին, որը տարիներ շարունակ չի իջել հայրենի լեռներից: Նա հոր մեջ սիրել է հասարակական մարդու իր ստեղծած իդեալը: Բայց ահա հայրը պատշգամբից անվարան դուրս է նետում իր գտած հանքաքարը, ահա զրուցում է իր երբեմնի ընկերոջ՝ մի երկրաբանի հետ: Զրույցը կարծես այն մասին չէ, թե ինչի համար է ապրում մարդը.
— Ինչպես կուզես,— սառը նետեց հայրը,— նոր տեղդ էլ քաղաքին մոտ է, կարող ես տանը քնել:
— Մոտ է նաև գերեզմանցին: Ես այսօր տեսա, որ դու մոռացել ես նույնիսկ ինձ հասկանալը, առաջ գոնե...— նա կիսատ թողեց խոսքը և գնաց դեպի դուռը,— բարի գիշեր:
Ահա առաջին բախումը: Ուրեմն կյանքի մասին գոյություն ունի երկու հայացք, մեկը հոր ընկերոջ հայացքն է, որը ոգևորված է իր աշխատանքով ու հանուն դրա պատրաստ է զոհել հանգիստն ու բարեկեցությունը: Մյուսը, մյուսը դժբախտաբար նոր հայացքն է, որը բարեկեցությունն է նախընտրում։ Արամը սրա տակ, դեռևս ենթագիտակցորեն, նկատում է «կյանքը մի անգամ տրվում, վայելիր» մերկանտիլ հասկացողությունը: Բայց միայն սա չէ Արամին վիրավորողը, նա նույնիսկ պատրաստ է ներել իրեն զոովետ ինստիտուտ ընդունել տալու հոր անմաքուր գործարքը: Ուրիշ է նրա վիրավորանքի աղբյուրը և դա ոչ այնքան վիրավորանք է, որքան ցավ, ներքին դառնություն: Պարզվում է, որ հոր համար կա երկու ճշմարտություն, տան և դրսի.
«Ինչ որ ճշմարտություն, երբ խոսում է դպրոցում, բոլորի առաջ. «Առաջին ճանապարհն աշխատանքն է։ Մի ուրիշ ճշմարտություն, երբ խոսքը վերաբերում է իրեն՝ Արամին. «Սա մեր տունն է, կարող ենք անկեղծ խոսել։ Դուրդ չի գալիս։ Կարող ես գնալ գործարան և խաչ քաշել կյանքիդ վրա»։
Սերունդը (Արամը) մերժում է ճշմարտության այս երկվությունը: Այսքանով նա ժխտում է անցյալի ավանդույթը: Բայց անցյալի ավանդույթի մեջ չի տեղավորված սոսկ նրա հոր մտահայացքը: Այդ ավանդույթն ուրիշ, լուսավոր հորիզոններ ունի, որ բացում են հոր ընկերը, քիմիայի ուսուցիչը, շենքին քար դնող վարպետը: Սրանց համար ճշմարտությունը մեկ է, Պավկա Կորչագինի ճշմարտությունը՝ ապրել հետագայում սեփական կյանքից չամաչելու համար. թերևս նույնպես միագիծ, բայց նույնիսկ իր միագծության մեջ անսահման սիրելի։ Իհարկե, սրանով չի վերջանալու Արամի կենսագրությունը, «ինչի համար է ապրում մարդը» հավերժական հարցը դեռ անթիվ պատասխաններ է ստանալու նրա գալիք ճանապարհին: Այսքանով «անավարտ» է բնորդը: Բայց տանից հեռանալու հասունացող ծրագիրը սերնդի (Արամի) հաստատումն է նախորդ սերնդի լավ ավանդույթի։
Սա է Վ. Պետրոսյանի բարդ հոգեբանական վիպակի էությունը, կյանք մտնող սերնդի իրավունքների ու պարտականությունների պատճառաբանությունն ու գեղարվեստական հաստատումը:
2
Գեղարվեստական գրականության արտացալման օբյեկտը կյանքն է, մարդն իր լինելության մեջ: Հնուց ընդունված ձևակերպում է սա, որը սակայն, այս կամ այն չափով կիրառելի է յուրաքանչյուր ստեղծագործական մեթոդի համար: Այս պարզունակ ելակետից դժվար է բացատրել ոչ միայն գրողի անհատականությունը, նրա տեղը ժամանակակից գրականության մեջ, այլև նրա գրական ուղղությունը: Սովետական գրականագիտությունը շատ է զբաղվում սոցիալիստական ռնալիզմի գրականության մեթոդոլագիական սահմանների հարցով: Դա կապվում է ինչպես արտացոլման օբյեկտի, այնպես էլ գրողի մտահայացքի տեղաշարժերի հետ։ Կարծես թե Սերաֆիմովիչի ժամանակ ինչ-որ չափով բավարարում էր կյանքի ռեալիստական արտացոյումը, գեղարվեստական նկարահանումը: Սերաֆիմովիչի հերոսները անում են այն, ինչ պիտի անեն, ինչ արել են բնորդները, ինչ «տարօրինակ» չէ, որքան կերպարի հավաքականության պաճանջը գրքի մեկ հերոսի մեջ խտացնի տասնյակ բնորդների առանձին-առանձին գծերը: Սա սոցիալիստական ռեալիզմի առաջին պահանջն էր, և այս տիպի գրականությունը հսկայական դեր խաղաց սովետական մշակույթի պատմության մեջ:
Բայց ահա ծնվեց Ալեքսանդր Գրինը: Առաջին հայացքից «տարօրինակ» էին նրա հերոսները: Նրանք անում էին ոչ միայն այն, ինչ օրինական էր, հասկանալի, այլև այն, ինչ թվում է չէին կարող անել: Այսինքն նրանք ապրում էին ոչ թե այնպես, ինչպես հարյուրավոր ու հազարավոր բնորդները, այլ այնպես, ինչպես կուզենար տեսնել հեղինակը ժամանակակից մարդուն: Գրողի երազանքն ավելի հախուռն մտավ գրականության մեջ: Մարդկային առաքինությունները (գեղարվեստական գրականության մեջ) դրանից կարծես թե փոքր-ինչ անբռնելի դարձան, բայց դա միայն առաջին հայացքից: Գրինի հերոսները «խենթ» են, «արտաբնական»: Սակայն նրանց ավյունավորողը մարդկային մեծ երազանքն է, ու մարդու բարոյական հասկացողությունները վերափոխելու սրբազան նպատակը: Դրանք ռոմանտիկներ հռչակվեցին, սոցիալիստական ռոմանտիկներ: Ռոմանտիկան լայն քաղաքացիություն ստացավ։
Բայց այս «ռոմանտիկան» չի հակադրվում առցիալիստական ռեալիզմի մեթոդին և դրա հիմնական պատճառը դարձյալ կյանքն է, քանի որ որոնողը այս «արտակարգ» երազանքի գծերը գտնում է ժամանակակից մարդու մեջ՝ մասնավորապես այժմ, տիեզերական երազանքի մեր դարում: Մյուս կողմից, կարծես թե ավելի սրվեց գրողի քաղաքացիության հարցը, գրականության մեջ մտավ բարոյական սենտենցիայի տողամեջ ասված խոսքը։ Սրա կրողները չե՞ն արդյոք, ինչ որ չափով Վ. Սարոյանի Վեսլին, Ուլիսը, Հոմերը։ Ինչ-որ չափով սրանով չի՞ բացատրվում ժամանակակից գրականության նորարարական բնույթը:
Վարդգես Պետրոսյանի «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» վիպակի կենտրոնական հերոս Գագիկը նույնպես «արտակարգ» է։ Իհարկե, դժվար թե բնորդը էլեկտրասյունից նայելով ու անծանոթ մարդկանց բնակարանում նկատելով ընտանեկան գժտությունը՝ միջամտեր դրան: Գագիկն ինքն էլ լավ չի կարող բացատրել թե ինչու, բայց նրա երազանքը շուրջը ներդաշնակություն ստեղծելու գաղափարն է։ Ինչպես առաջին վիպակի Արամը, Գագիկը կյանքի հարց ունի «Ի՞նչ է երջանկությունը»: Առհասարակ վիպակի բոլոր հերոսները՝ Գագիկը, Սուրենը, Արամը, Արևիկը, Սոնան սրա պատասխանի տենդագին որոնողներ են։ Գագիկի կերպարի միջոցով հեղինակը հուշում է երջանկության իր իմացությունը: Մարդկային երջանկությունը համընդհանուր ներդաշնակության մեջ է. ահա նրա գաղափարը, և ահա թե ինչու նրա հերոսները ինչ-որ չափով տարբերվում են առանձին- առանձին վերցրած յուրաքանչյուր բնորդից, ինչ-որ չափով «տարօրինակ» են, «խենթ»: Բայց նրանք միաժամանակ մտացածին չեն, նրանք բազմաթիվ բնորդների հոգեկան նուրբ գծերի հավաքական արտահայտություններ են։
Վ. Պետրոսյանի սերունդն իր հետ բերեց կերպավորման արվեստի այս ընդգծված կողմը, որը ժամանակակից գրականության նորարարական բնույթի վկայականներից մեկն է: Պետրոսյանի երկու վիպակները այդ նորարական գրականության առաջին հաջողված երկերից են, գրված ստեղծագործական հատուկ ելակետից, որ նա ձևակերպում է առաջին վիպակի վերջաբանում. «Գիտեմ, կլինեն մարդիկ որ կասեն, թե ոչ ոք հեռախոսով այդպես չի խոսում իր մոր հետ: Ես նրանց կպատասխանեմ, որ մարդկանց իրական խոսակցության ձայնագրությունը դեռ ոչ պիես է, և ոչ վիպակ։ Գիտեմ, կասեն նաև, որ 17 տարեկան հասակում քչերն են այդ բաների համար թողնում իրենց տունը, հետո գուցե նույնիսկ պնդեն. «Եթե գիտես այդպիսի մարդ՝ անունը, հասցեն»: Ես կասեմ՝ անունը երիտասարդություն է, իսկ հասցեն՝ կյանքը: Հետո կասեմ՝ գրականությունը հասցեների սեղան չէ»։
Հիմա ուշ է Վ. Պետրոսյանին (ու նրա սերնդի գրողներին) ասել «բարի ճանապարհ»։ Այդպես ասում են շատ երիտասարդներին, մինչդեռ Պետրոսյանը գրողի երկար ճանապարհ է անցել:
«Ավանգարդ», 1967, թիվ 40
[1] «Ես արեն մեծացել եմ, մայրիկ» վիպակը նախապես տպագրվել է այս վերնագրով (Ծանոթագրությունը՝ «Գրքասերի»)։
Ստացեք բոլոր կարևոր պատմությունները ձեր էլ. փոստի արկղում։