ԱԲԻԳ ԱՎԱԳՅԱՆ. ՈՒՂՏԸ ՄԵՌԱՎ

Опубликовано
ԱԲԻԳ ԱՎԱԳՅԱՆ. ՈՒՂՏԸ ՄԵՌԱՎ

Հիմա նրանք նստել էին օազիսից մի փոքր հեռու, և երկուսն էլ գիտեին, որ շուտով աշխարհի, բոլոր անապատներն ու հորիզոնները կվերջանան։

Նախկին քարավանապետ Նաբիրն էր և «Սաբուր» ուղտը, որը մեռնում էր։

Այս Լութ անապատում կարծես թե ոչինչ չի փոխվում։ Երեսուն տարի առաջ էլ նույն հորիզոնն էր, նույն նարնջակարմիրը, նույն ավազաբլուրները, որոնք իրիկնամուտներին սկսում էին բոցավառվել, օա­զիսների խեղճ արմավենիները, քարավանները, որոնք ավազաբլուրնե­րի արանքներով գնում էին փառավոր զրնգզրնգոցներով։

Նախկին քարավանապետ Նաբին էր և «Սաբուր» ուղտը։ Մեկ մարդ և մեկ ուղտ— ա՜խր այդ քարավան չի լինում։ Ի՞նչ է, Նաբիրն ուզում էր կոտրե՞լ անապատների ավազաբլուրային ճանապարհների պապենական սովորությունը։ Չէ՛, հեռու էր այդ մտքից։ «Սաբուր» ուղտը մեռնում էր օազիսից քիչ հեռու։ Չորս արմավենիների ստվերներն այն­տեղ ծծվել էին ավազներին. ջուրն էլ էր խշխշոցով ծծվում։

Նաբիրը չոքել էր ուղտի դիմաց, նայում էր նրա աչքերին, որոնց խորքում սկսում էին մարմրել անապատների քարացած լռության բոլոր ձայները։

— Չե՞ս կարող վեր կենալ, «Սաբուր»,— հարցրեց Նաբիրը,— գոնե գնայինք, նստեինք ստվերում։

«Սաբուր»-ը նայեց տիրոջը, և Նաբիրը նրա հայացքում լսեց. «Չեմ կարող, եղբայր»։

— Դե որ չես կարող,— ասաց Նաբիրը,— մի՛ կարողացիր։

Քամիներից հոշոտված ցնցոտիների արանքից հանեց չիբուխը,

բթամատով թութունը խեղդեց և կայծեր եղան։

Հետո հիշողություննե՜ր...

«Երեսուն տարի սրանից առաջ մենք Սեմնանից գնում էինք Թու­րան։ Մեր հաջի Սամադի քարավանն էր. երեսուներկու ուղտ։ Տանում էինք Համադանի կաշի, Քերմանշահի գորգ, հնդկական չայ, Դամղանի պիստակ, հազվագյուտ համեմներ, որոնք խոթել էինք հակերի արանքը»։

— Հիշո՞ւմ ես,— հարցրեց Նաբիրը։

Ուղտի հայացքն ասաց. «Հիշում եմ»։

Հենց այստեղ, այս ավազաբլրի վրա երևաց Ջեննի ավազակախում­բը։ Քարավանատերերն այն ժամանակ նրան լավ անուն էին դրել «Քարավանակեր»։ Նաբիրը հակերի արանքից դուրս քաշեց «Բերնո» հրա­ցանը և թաղեց ավազի մեջ։ Տասնմեկ հոգի էին նրանք, միայն Ջեննը և իր թիկնապահը հրացաններով էին, մնացած ինը՝ մահակներով էին ու խանչալներով։

Նախկին քարավանապետը հիշեց. հաջի Սամադը միշտ ասում էր. «Նաբիր, Ջեննի գլխի համար հիսուն աշրաֆի[1] ունես»։

— Հաջի Սամադի քարավա՞նն է,— ծիծաղելով հարցրեց ավազակապետը։

— Չէ՛,— խաբեց Նաբիրը,— հաջի Զարինինը։

— Զենք-մենք, ի՞նչ ունեք։

Նաբիրը գրպանից հանեց ծալովի մեծ դանակը և շպրտեց ավազին, Ջեննու ոտքերի մոտ.

— Էս է որ կա։

—Ի՞նչ եք տանում։

— Կաշի, գորգ, չայ, պիստակ, համեմներ էլ կան։

— Չոքեցրու ուղտերին։

Այդ Ժամանակ Նաբիրը նայեց առաջնատար ուղտի աչքերին և ասաց.

— Չոքիր, եղբայր իմ։

— Դու չոքեցիր, «Սաբուր», և մնացած երեսունմեկն էլ չոքեցին։

Ջեննը կանգնել էր այս արմավենու ստվերում, իսկ թիկնապահը՝ արևի տակ։

Ավազակներն սկսեցին կրել հակերը։

— Ես հաջի Սամադի քարավանին եմ սպասում,— ասաց Ջեննը,— ինձ իմաց են տվել, որ նա դուրս է եկել Սեմնանից. չկա որ հասնի։ Դրանց քարավանապետը, ասում են, Նաբիրն է. ես դրան հում-հում կխժռեմ։

Նա ծիծաղեց։

Ինչո՞ւ էր շարունակ ծիծաղում։

Ավազակներից մեկը սայթաքեց ավազաբլրի զառիվերին ու շալակն առած հակով գլորվեց։ Ջենն ու թիկնապահը շուռ եկան։

Ի՜նչ պահ էր...

Նաբիրը ակնթարթային արագությամբ ավազում թաղած հրացանը խլեց. փակաղակում հինգ փամփուշտ կար։

— Շպրտե՛ք հրացանները, շեյթաննե՛ր,— ճչաց նա։

— Դու Նաբիրն ես որ կաս,— ծիծաղելով ասաց Ջեննը և հանգիստ հենվեց արմավենուն։

— Շպրտե՛ք հրացանները. գլուխներդ ցաքուցրի՛վ կանեմ։

Առաջինը թիկնապահը շպրտեց։

— Հաջի Սամադի քարավանն է. ես էլ Նաբիրն եմ։ Ջենն, շպրտի՛ր։ Ջենն էլ շպրտեց։

Ուղտապաններից մեկը գնաց ու վերցրեց երկու հրացանները. նա վախվորված էր, կարծես ավազների վրայից երկու օձ էր վերցնում։

— Հաջի Սամադը քո գլխի համար հիսուն աշրաֆի է խոստացել, Ջե՛նն,— ասաց Նաբիրը,— չեմ ուզում արյունոտ ոսկու տեր դառնալ, գնա՛... Գնացե՛ք։

Հետո «Քարավանակեր»-ը ծիծաղեց և ասաց.

— Լա՜վ...

— Երեսուն տարի առաջ էր, «Սաբուր», հենց այստեղ էր,— բարձրաձայն մտածեց Նաբիրը և հիշողության հոյակա՜պ վեհությունից նրա աչքերը բոցավառվեցին,— ավազաբլուրից այն կողմ ջարդուփշուր եղած մի քարվանսարա կա, դու հո լավ գիտես։

«Սաբուր» ուղտն աչքերը ծանրորեն թարթեց և Նաբիրը նորից համոզվեց, որ նա ասաց. «Լա՜վ գիտեմ, եղբայր»։

— Ափսոս մարդ ես, Նաբի՛ր,— շուռ գալով ու ծիծաղելով ասաց Ջեննը,— ի՞նչ ես խցկվել էդ հաջիների արանքը, թքի՛ր բոլորի վրա և եկ անապատ։

— Չե՛մ գա,— ասացի,— ես հաջի Սամադի աղջկան՝ խանում Քուչուլին սիրում եմ...

«Դրանից ուղիղ մեկ տարի հետո Թուրանից Սեմնան էինք գալիս։ Ամառվա երրորդ ամիսն էր։ Խանում Քուչուլը հենց քո վրա էր նստած, երբ առյուծ տեսանք։ Երեք օազիս այն կողմ էր։ Առյուծը հանգիստ նստել էր ավազաբլրի գագաթին ու մեզ էր նայում։ Արևմուտը նոր էր սկսել։ Վառվում էին երկինքը, ավազները։ Աստվա՜ծ իմ, այդ ի՜նչ անապատ էր, ի՜նչ արևամուտ, ի՜նչ բաշ...»։

— Դու կանգ առար, «Սաբո՛ւր»,— բարձրաձայն մտածեց Նաբիրը և մնացած երեսունմեկն էլ կանգ առան։ Հիշո՞ւմ ես։

Ինչպե՜ս կարող էր չհիշել։

Խանում Քուչուլը վախից ուշքը գնաց. պառկել էր ավազին ու երկնքին էր նայում ոչինչ չտեսնող աչքերով։ Ողջ քարավանն ու ուղտապանները քարերի պես անշարժացել էին, սպասում էին մոտեցող արհավիրքին։

Հետո առյուծը բարձրացավ. տիրականորեն նայեց մայրամուտային արևից հրիկզված իր անծայրածիր աշխարհին ու իջավ, գնաց։

«Մենք ճամփա ընկանք։ Ես գրկել էի խանում Քուչուլին»։

Ախր այդ թեթև ու թանկագին բեռով ես կարող էի արար աշխարհի անապատներով գնալ...

«Հասանք Սեմնան...»։

— Չե՞ս կարող վեր կենալ, «Սաբուր»,— հարցրեց Նաբիրը,— գո­նե գնայինք, նստեինք ստվերում։

Ուղտն աչքերը թարթեց և նախկին քարավանապետն այնտեղ, կոպերի արանքում, արցունքներ տեսավ։

— Դե որ չես կարող,— ասաց Նաբիրը,— մի կարողացիր։

«Հասանք Սեմնան։ Հաջի Սամադը կանգնել էր քաղաքի դարվազայի մոտ, ո՞վ գիտի, երևի յոթ օր, յոթ գիշեր կանգնած սպասել էր մեզ։ Էս դու, էս էլ քո աղջիկը, հաջի Սամադ, ողջ և առողջ, ասացի ես, ինձ բաց թող գնամ, էլ չե՛մ ուզում աշխատել»։

Նաբիրը լսել էր, որ հինգշաբթի օրը գալու էին խանում Քուչուլին խնամախոսության։

— Քո կամքն է,— ասել էր հաջին,— վերցրու իմ աշխարհից ինչ որ ուզես։

— Ես քեզ վերցրի, «Սաբուր», ու երեսուն տարի անդադար քարշ եկանք անապատներով։

«Սաբուր» ուղտը մեռնում էր օազիսից մի փոքր հեռու։ Նախկին քարավանապետը չոքել էր նրա դիմաց ու նայում էր նրա աչքերին, որոնց խորքում սկսում էին մարմրել անապատների քարացած լռության բոլոր ձայները։

Նաբիրը շատ էր ծերացել և շատ էր հոշոտվել, բայց հիշողությունները վառվռուն էին այս արևամուտի նման։

Հանկարծ նա բարձրաձայն հարց տվեց արար աշխարհին.

— Ավազակապետ Ջենն ինչո՞ւ էր ծիծաղում... Ավազաբլուրի գագաթին նստած առյուծն ինչո՞ւ չցատկեց ուղտերի ու մարդկանց վրա... Խանում Քուչուլն հիմա ո՞ր աստղի տակ է թափառում...

Իսկ այդ ժամանակ, օազիսից մի փոքր հեռու, «Սաբուր» ուղտը մեռավ, և նախկին քարավանապետ Նաբիրի համար վերջացան աշխարհի բոլոր անապատներն ու բոլոր հորիզոնները։

 

[1] Աշրաֆի—ոսկեդրամ։